Բացատրե՞լ, թե՞ բացատրվել... կամ նեղ անձնական տեսակետ


16:03 , 24 դեկտեմբեր, 2012

Վեց թե յոթ օր առաջ էր. խոսեցին միջադեպի մասին, որի մասնակիցն էին երկու գործող անձ: Երկուսի էլ՝ այդ տեղում գտնվելն անհնար է որեւէ (վերերկրական, վար- կամ ստոր- երկրական) տրամաբանությամբ բացատրել (նախադասություններ ասելը բացատրել չի նշանակում, ավելի ստույգ՝ հենց բացատրության բացակայությունն է նախադասություններ ծնում):

Այստեղ էլ ավարտվում է իմ ասելիքը: Բայց, համաձայն վերոնշյալ օրենքի, մի քանի նախադասություն, բացատրության բացակայության զորու, այնուամենայնիվ, ուզում են «երեւան գալ»:

Բանաստեղծ, էսսեիստ Մհեր Արշակյանն այն քչերից է, որոնց գիրը ճշգրիտ փորձեր է անում ՀՍՏԱԿՈՐԵՆ նշելու Հայրենիքի ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆ դիրքը, Երկրի՝ երբեւէ ԱՆՊԱՅՄԱՆՈՐԵՆ ներկայանալու անհրաժեշտությունը, Պետության սահմանների ամենաընդունելի չափերը, դրանցում ապրող, թե դրանք իրենցում ապրող մարդկային ՏԵՍԱԿՆԵՐՆ՝ առանձին-առանձին... (շատ խոր չի թաղված հատկապես ՍՐԱՆՔ եւ հատկապես ԱՅՍ ԿԵՐՊ նշելուս պատճառը):

Դուք այստեղ միջադեպ տեսնո՞ւմ եք: Որովհետեւ՝ չկա: 

Ուրեմն՝ ի՞նչ, դեմոկրատիան դաստիարակչական գործունեություն է՞լ է ենթադրում, թե՞ հակառակն է ասում, ասում է՝ դաստիարակությանն ընկեր չկա: Դուք ազատ եք, արեք՝ ինչ ուզում եք, մենք էլ հանձնաժողովներ կստեղծենք, նամակներ կգրենք, կանենք այս բաներն անընդհատ, կանենք, որ ամեն ինչ իսկականին նման լինի...

Իսկ չի լինի՞ - Աստվածաշունչ ու նույնիսկ ոչ այնքան սուրբ, բայց նույնչափ մեջբերվող մատյաններում - փնտրել եւ, ամենայն հավանականությամբ, գտնել, որ՝ «ծնոտ պոկողների հետ զրույցի ուղարկեք ծնոտ պոկողների». ճղճիմ կրկնաբանությո՞ւն: Որովհետեւ ճղճիմ է ու կրկնաբանվող: Կամ մի՛ ուղարկեք ԱՌՀԱՍԱՐԱԿ: Նույն գրքերից կարելի է իմանալ նաեւ, որ Հրաժարումը մեծագույն արարք է, հատկապես՝ եթե տեղին է: Ես չեմ կարծում, թե հիշյալ գրքերի տեղը միայն ես գիտեմ, սակայն համոզված եմ, որ այդ գրքերը խանգարում են սովորությանը, որ է անիսկականի գոյությունը:

Մհեր Արշակյանի ասած «սադրանքն» ընկալում եմ իբրեւ բանալի. կյանքը մե՜ծ սադրանք է:

Եթե՝ ոչ, ապա ամենաիսկական սադրանքը «լրագրող Մհեր Արշակյան» բառախումբն է եւ իմ այս նոթը:

Չեղավ, ինչպես երեւում է, պետք է կրկնել փորձը՝ հասկանալու, թե ի՞նչ էր եղել, մանավանդ, որ դա կրկնվելու է անընդհատ: