16:52 , 25 դեկտեմբեր, 2015

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ օրակարգում չէ Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը։
Դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը, սակայն Վրաստանը դրա համար նախապայման է ներկայացնում՝ հետ վերցնել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին որոշումը։
Աբաշիձեն հայտարարել է. «Մեր դիրքորոշումն այդպիսին է, այն նոր չէ։ Քանի դեռ խախտված է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, օրակարգում չի լինելու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը։ Սակայն եթե այդ առումով նկատվի զգալի առաջընթաց, խոշոր տեղաշարժ, ապա ինչ-որ փուլում չի բացառվում, որ այդ հարցը կդիտարկվի»։
Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։