Հայերեն առաջին ուսումնական հանրագիտարանը (լուսանկար)
20:50 , 25 դեկտեմբեր, 2015
Սերովբե վարդապետի հեղինակած «Ծաղիկ Գիտութեանց» կոչվող հայերեն այս բացառիկ ուսումնական հանրագիտարանը լույս է տեսել 1819 թվականին Մոսկվայում` ֆրանսիացի հրատարակիչ Ավգուստ Սեմենի տպարանում: Ինչպես վկայում են պատմական փաստերը` այս գիրքը հրատարակվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվերով, իսկ Սերովբե վարդապետը հանդիսացել է այդ հայկական ուսումնական հաստատության առաջին ռեկտորը:
Ուսուցողական բնույթի այդ ձեռնարկը, ըստ երևույթին, նախատեսված է եղել առաջին հերքին հենց Լազարյան ճեմարանի ուսանողների համար: Գրքի տիտղոսաթերթի վրա գրված է. «Աշխատասիրեալ ի Սերովբէ վարդապետէ, ի միաբանութենէ Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի։ Ի պէտս Դպրոցաց Հայաստանեայց»։ Նշենք նաև, որ սա Մոսկվայում տպագրված առաջին հայերեն գիրքն է հանդիսանում:
Հանրագիտարանը բաղկացած է 280 էջից և պարունակում է հետևյալ բաժինները. կրոնի պատմություն, դիցաբանություն, փիլիսոփայութուն, բնաբանություն, երկրաբանություն, գյուղատնտեսություն, կենդանաբանություն, թվաբանություն, աստղագիտություն, աշխարհագրություն, հին դարերի պատմություն և այլն: Գրքի բովանդակային մասը կառուցված է շատ յուրահատուկ ձևաչափով` հարց ու պատասխանի տեսքով, որն ավելի մատչելի է դարձնում ներկայացվող նյութի ընկալումը աշակերտի կողմից: Գրքում բացառիկ են նաև տարբեր կենդանիների տպագրական պատկերները և նրանց հայերեն անվանումների մակագրությունները:
Հանրագիտարանը թվայնացված է, հղումը ներկայացնում ենք ստորև: http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/tsaghik_gituteanc1819_index.html