Մինչև Արմավիրի մարզպետարանը հիմնավորում չներկայացնի, գումար չենք հատկացնելու. Հովիկ Աբրահամյան


14:02 , 24 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի կառավարությունն Արմավիրի մարզպետարանին պետք է տրամադրի 10 մլն դրամ, որն անհրաժեշտ էր մարզպետարանում 2015թ-ի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:
 
Վաչե Տերտերյանն ասաց, որ մարզում կրթական ծրագրերից խնայողություն է եղել, և այդ խնայողությունների 8,4 մլն դրամը պետք է ուղղվի խնդրի լուծմանը:
 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե խոսքը հսկայական գումարի մասին է, և հետևաբար պետք է հիմնավորում ներկայացվի:

«Մինչև հիմնավորում չներկայացվի, չենք հաստատի: Ես հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավարին, սա չեմ ստորագրելու մինչև հիմնավորումը չլինի։ Ի՞նչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են, ինչի՞ համար են օգտագործել, պիտի հիմնավորեն, հարյուր հազար դրամ չի, երկու հարյուր հազար դրամ չի: Եթե տնտեսված փող կա, չի նշանակում, որ պետք է հատկացնենք։ Մինչև մարզպետը հիմնավորում չներկայացնի սա չենք ստորագրի, պիտի բացատրություն տա, թե ինչի համար են այդքան ծախսել»,- բարկացավ վարչապետը: