Հայաստանի համար կարեւոր է Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը


23:36 , 23 դեկտեմբեր, 2015
Yervand-Zaxaryan0Araratnews.am-ը գրում է.
Հայաստանի համար կարեւոր է Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը, որը համագործակցության նոր ճանապարհներ է բացում: Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
«Մենք իրանական կողմի հետ շատ բան կարող ենք անել: Նման  կարծիքի է նաեւ իմ իրանցի գործընկերը: Նշանակում է, որ մենք պետք է ակտիվացնենք հարաբերությունները: Անհրաժեշտ են  համատեղ ձեռնարկություններ գյուղատնտեսության, շինարարության եւ առողջապահության ոլորտներում», – ասել է Զախարյանը:
Իր հերթին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն առանձնացրել է Հայաստանի եւ Իրանի բարեկամական հարաբերությունները: Երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգանում են էներգետիկ տրանսպորտի, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտներում: «Մենք վստահ ենք, որ բավական կայուն հիմքեր ունենք հետագա համագործակցության համար»,- ասել է նա: