15:52 , 23 դեկտեմբեր, 2015
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի բարձրացմանը կարող է արձագանքել միայն այն ժամանակ, եթե դրա համար կառույցին դիմի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Tert.am- ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով օրերս ՀԱՊԿ-ում նախագահ Սարգսյանի կողմից հնչեցրած քննադատություններին, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում իր անդամ պետության սահմանների դեմ իրականացվող ադրբեջանական սադրանքներին:
Հարցին՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում իր անդամ-պետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից հասցվող հարվածներին, վերլուծաբանը պատասխանեց. «Որովհետև ՀԱՊԿ-ը հայտարարություն կարող է անել միայն այն դեպքում, եթե դրա համար կազմակերպության դիմի Սերժ Սարգսյանը: Իմ տեղեկություններով՝ նա հայտարարություն անելու մասին չի խնդրել»:
Ապա Մոդեստ Կոլերովը մանրամասնեց. «Դուք ասում եք, որ Ադրբեջանը խստացրել է իր գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, բայց ես կարծում եմ, որ սահմանային իրավիճակը լիարժեք համապատասխանում է երկկողմ հարաբերություններին: Միանգամայն համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները գնում են դաշնակցային պետություն ստեղծելու ճանապարհով, որի արդյունքում անվտանգության հարց այլևս չի առաջանա, կվերանա ռազմատեխնիկական աջակցության հարցը, կտա քարտ բլանշ Հայաստանին՝ Ռուսաստանում ստեղծելու երկրորդ այդպես կոչված «օջախ»-ը»։
Հարցին՝ արդյոք չի՞ հակասում ադրբեջանական կողմի կիրառած տանկերի, ականանետերի կիրառությունը հրադադարի միջազգային սկզբունքներին, քաղաքագետը դրական պատասխան տվեց: «Այո՛, ուստի այդ տանկերը, որոնք փորձում էին հարվածել ԼՂ ուղղությամբ, պետք է ոչնչացվեին»,- նկատեց Կոլերովը:
Նա «հիմարություն» որակեց հայ փորձագետների կարծիքները, որ ՌԴ-ն, չսատարելով ադրբեջանական սադրանքները, ՀԱՊԿ անունից է հանդես գալիս՝ նշելով, որ այդտեղ կասկածի տակ են առնվում հայ-ռուսական հարաբերությունները:
«Խոսքը ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ՝ երկկողմ հարաբերությունների մասին է, երկկողմ դաշնակցային հարաբերությունների մասին: Իսկ այստեղ խնդիր լինել չի կարող»,- շեշտեց Մոդեստ Կոլերովը:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը, Մոդեստ Կոլերովն ասաց, որ այն հակամարտության լուծման տեսանկյունից արդյունավետ լինել չի կարող, որովհետև չունի նման առաքելություն:
«Այդ հանդիպումները բանակցություններում հաջողության հասնելու միջոց չեն, դրանք ուղիղ լայնածավալ պատերազմից խուսափելու ելք են: Որքան էլ միմյանց հասցեին կշտամբանքներ լինեն, որքան էլ դուք սիրեք ձեր ամուսնուն ու չհարգեք նրանց ծնողներին, պետք է համակերպվեք, դա է: Ադրբեջանցիները թշնամի չեն, թշնամի է Ադրբեջանի ղեկավարությունը»,- ընդգծեց վերլուծաբանը:
Միաժամանակ, Կոլերովի խոսքով, Ադրբեջանն ունի բոլոր ֆինանսական ու մարդկային ռեսուրսները՝ լայնածավալ պատերազմ սկսելու համար, բայց վախենում է, որ «մենք նրանց կսպանենք»: