14:39 , 23 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
2015 թվականին արձանագրվել է Սևանա լճի ջրի որակի բարելավում և ձկնապաշարի՝ մասնավորապես սիգի ավելացում: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ ներկայացնելով նախարարության այս տարվա արված աշխատանքը, ձեռքբերումներն ու հաջողությունները:
Նրա խոսքերով՝ Սևանա լիճ է բաց թողնվել 605.447 մանրաձուկ, որից 366.667 հազ. հատը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ա.Գրիգորյանը նշեց, որ 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմանադրամի կողմից անհատույց տրամադրվել և Սևանա լիճ է բաց թողնվել 2.5-50 գրամանոց գեղարքունիի շուրջ 238.780 հատ մանրաձուկ:
«Սևանա լճում ավելացել են ձկան պաշարները, սակայն մեզ մտահոգում է ձկնագողությունը: Այսօր դեռևս շարունակվում են Սևանա լճից ձկնագողության դեպքերը: Բոլորս էլ տեսնում ենք, որ փողոցներում, շուկաներում վաճառվում է սիգ տեսակի ձուկ, որի որսը այս ժամանակահատվածում արգելված է: Ցավում եմ, բայց սա իրականություն է, այստեղ կարևորում եմ նաև ԶԼՄ-ների աշխատանքը: Եթե տեսնում եք նման դեպքեր, ապա նկարահանեք, որպեսզի մարդիկ ամաչեն և այլևս որսագողությամբ չզբաղվեն»,- ասաց Ա.Գրիգորյանը՝ հավելելով, որ թեև բնապահպանական տեսչությունը վերահսկողություն իրականացնում է, ամեն օր առգրավվում է տարբեր քանակի ձուկ, տույժեր են ներկայացնում քաղաքացիներին, բայց, ցավոք սրտի, այդ դեպքերը շարունակվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ