Նախագահի հայտարարությունը սառը ցնցուղ էր ՀԱՊԿ-ի համար. Թ. Պողոսյան


21:46 , 22 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը սառը ցնցուղ է համարում ՀԱՊԿ-ի համար:
 
«Առաջին անգամ ՀՀ-ի ներկայացուցիչը բաց տեքստով ներկայացրեց այդ կառույցի գխավոր բացթողումը, որն ավելի շատ թղթի վրա է ձևակերպված, քան իրականություն է, այն է՝ կոլեկտիվ կոմպոնենտի բացակայությունը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
 
Միաժամանակ Թևան Պողոսյանը շեշտեց, որ իր համար խնդիր է ոչ թե այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն բարձրաձայնում, հետաքրքրվում, թե ինչ է կատարվում ռազմավարական գործընկեր ՀՀ-ում, այլ այն, որ ՀԱՊԿ կառույցի ժամանակ օրինակ էր բերվում ՆԱՏՕ-ի վարքագիծը:
 
«Այսօրվա դրությամբ ՀԱՊԿ-ի ամենամեծ երկիր ՌԴ-ն գտնվում է ՆԱՏՕ-ի կառույցի մաս կազմող Թուրքիայի հետ հակամարտության մեջ, իսկ ՆԱՏՕ-ն օժանդակեց Թուրքիային իր հայտարարությունների մակարդակում: Այս օրինակն ամենացավալին էր և ցուցիչն էր նախագահի խոսքի մեջ, որ եթե մենք մեզ կառույց ենք համարում, ապա վատ չէր լինի օրինակ վերցնել հենց ՆԱՏՕ-ից»,-ասաց նա:
 
Թևան Պողոսյանն ամփոփեց՝ ողջունելի է այս տեսակի հայտարարությունը, սակայն հարցը նրանում է, թե ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, արդյո՞ք լինելու է հետևողական իր աշխատանքով:
 
«Եթե կլինի արդյունք, ուրեմն շատ լավ, եթե սա կլինի հերթական հայտարարություն ու պատմության մեջ կմնա, ՀԱՊԿ-ն էլ նույն ձևով կմնա թղթի վրա որպես կառույց: ՀԱՊԿ անդամները, չարձագանքելով ուղղակի կապացուցեն, որ փաստաթղթի վրա կառույց են, այլ ոչ թե իրական կոլեկտիվ անվտանգության միավորում»,-ասաց նա: