ՀԱՊԿ-ն իր գործողությունները, իր դիրքորոշումները վերաիմաստավորելու, վերարժևորելու կարիք ունի. Արտակ Զաքարյան


19:12 , 22 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀԱՊԿ-ի հասցեին քննադատություններ հնչեցնելու պահը վաղուց հասունացել էր: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երեկվա նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված դիտողություններին, թե «ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշամբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ», ուստի հարկավոր է արձագանքել:
 
Արտակ Զաքարյանը նշեց, որ նախագահ Սարգսյանի նման ելույթի կարիք զգում էր նաև հայ հանրությունը, ովքեր սահմանային միջադեպերի ժամանակ մշտապես ակնկալում են ՀԱՊԿ-ի աջակցությունը: 

«ՀԱՊԿ անդամ պետության սահմանների վրա մշտապես իրականացվում են ոտնձգություններ, որին արձագանք չի արվում, ուստի, սա նորմալ և իրավիճակից բխող հայտարարություն էր: Դատելով ՀԱՊԿ նպատակից՝ ՀԱՊԿ-ի հետապնդած խնդիրներից, եթե կառույցի անդամներից մեկի սահմանը պարբերաբար ռմբակոծվում է, սահմանները լարված են, արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, անկարելի կլիներ ՀԱՊԿ-ի ամբիոնից չխոսել այս մասին»,- շեշտեց Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ այս առնչությամբ Ս. Սարգսյանի համեմատականը ՆԱՏՕ-ի հետ տեղին էր ու համարժեք:

Հարցին՝ ո՞րն է այդ պետությունների անտարբերության կամ հարցը լռության մատնելու պատճառը, պատգամավորը պատասխանեց, թե իրենք հասկանում են, որ կան անձնական և նաև այլ տիպի շահեր, բայց դրանք չպետք է արդարացված լինեն այն աստիճանի, որ անտեսանելի դարձնեն գործընկեր անդամ-պետությանը սպառնացող կարևորագույն խնդիրները:
«ՀԱՊԿ-ն իր գործողությունները, իր դիրքորոշումները վերաիմաստավորելու, վերարժևորելու կարիք ունի»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը՝ վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանը դիտողություններն արդեն իսկ տեղ են հասել:

Պատգամավորը նկատեց, որ Սերժ Սարգսյանի դիտողություններն ուղված ՀԱՊԿ-ին ուշացած չէին, և նախագահն այս քայլին չի դիմել «դանակը ոսկորին հասնելուց» հետո: