Աստղիկ Սաֆարյան. «Ես հույս ունեմ, որ հաջորդ տարին կլինի ավելի հաջող, քան նախորդը»


19:30 , 22 դեկտեմբեր, 2015

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս տարվա մեծ մասն անցկացրել է Հայաստանում. նրա ստեղծագործական նորությունները և անելիքները շատ էին: Օրեր առաջ նա մեկնեց Իսպանիա, քանի որ նախընտրում է ամանորյա տոներն անցկացնել ընտանիքի հետ։ «Ես սիրում եմ Ամանորը դիմավորել ընտանիքիս անդամների հետ միասին: Ըստ իս՝ սա այն եզակի դեպքերից է, երբ արժե հետաձգել որոշ աշխատանքներ և տոներն անցկացնել ընտանիքի հետ: Կարծում եմ` այս տարի հենց այդպես էլ կանեմ կամ կընդունեմ իմ իսպանաբնակ ընկերների առաջարկը` Ամանորն իրենց հետ դիմավորելու, քանի որ այստեղ (Իսպանիայում - հեղ.) ևս ունեմ շատ սիրելի ընկերներ` սերբ, ռուս, իտալացի: Միգուցե 2016-ը դիմավորեմ ընտանիքիս հետ, հետո միանամ ընկերներիս»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Աստղիկը:

Երգչուհու համար 2015 թվականն անցավ խիտ և աշխատանքային գրաֆիկով, ինչպես նա է նշում` ինքն իրեն անգամ մեկ օր հանգիստ չի տվել. «Եթե ունեմ պլանավորած շատ գործեր, ապա պետք է պարտադիր ավարտին հասցնեմ, դրանք իրականացնելուց հետո միայն կարող եմ ինքս ինձ հանգիստ տալ: Ունեցա նոր տեսահոլովակներ, նոր երգեր, ձայնագրություններ, պրոֆեսիոնալ շատ ֆոտոշարքեր իսպանացի և հայ լուսանկարիչների հետ միասին, մասնակցություն շատ հեռուստանախագծերի, զանազան համերգներ, ելույթներ, ինչպես նաև տարբեր այցելություններ և բարեգործական բնույթի համերգներ, հանդիպում մանկատան երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ»:

Օրեր առաջ երգչուհին ներկայացրեց նոր ստեղծագործություն, որն ամանորյա նվեր էր բոլորին և կոչվում է «Christmas day»։ «Երգի երաժշտական պրոդյուսինգով զբաղվել են Deep Danny-ին և Leon Gris-ը,- բացահայտում է Աստղիկը,- իսկ ես նրանց ստեղծած բիթերի հիման վրա գրեցի իմ վոկալի մեղեդին և խոսքերը: Այս երգով փորձել ենք տոնական դրական տրամադրություն փոխանցել բոլորին: Արդեն ստացել և շարունակում ենք ստանալ շատ և շատ դրական արձագանքներ երկրպագուների կողմից։ Ուրախ եմ, որ այն սիրվել է, և հուսամ` այն կդառնա շատերի սիրելի երգերից»:
Երգչուհին շուտով կներկայացնի նոր ֆոտոշարք և դրանով կավարտի 2015-ի աշխատանքային պլանները. «Ես հույս ունեմ, որ հաջորդ տարին կլինի ավելի հաջող, քան նախորդը: Դեռ չեմ կարող ասել, թե երբ կրկին կվերադառնամ Հայաստան, բայց երբ վերադառնամ, համոզված եմ, կկիսվեմ ձեզ հետ դրանով»:

Նոր տարին շատ արտիստների համար գումար վաստակելու ամենալավ շրջանն է, հետաքրքրվեցինք՝ արդյոք Աստիկը չունե՞ր առաջարկներ Ամանորի գիշերը երգել որևէ ռեստորանային համալիրում։ «Իհարկե եղել են շատ նման առաջարկներ` Շվեդիայից, Թեհրանից և այլ երկրներից,- մեկնաբանեց Աստղիկը,- բայց դրանք չեն սահմանափակվում միայն ամանորյա համերգներով: Դրանց մի մասը դեռ ուժի մեջ է: Ֆրանսիայից մի պրոդյուսեր էլ համագործակցության առաջարկ է արել, որը քննարկման փուլում է, այդ պատճառով դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին և մանրամասնել: Թողնենք՝ այդ իրադարձությունն իր հունով զարգանա»:

 

Մեր այն հարցին՝ արդյոք «ետ բերե՞լ» է այս տարի նկարահանած տեսահոլովակների վրա ծախսած գումարը, երգչուհին պատասխանեց. «Երբ աշխատանքիդ ոլորտն ընդունում ես որպես արվեստ, ֆինանսական հարցերն արդեն դառնում են երկրորդական: Հավատացեք` միշտ էլ բոլոր սրտանց ներդրումները բումերանգային կանոնով վերադառնում են: Երբեք չեմ սիրել ֆինանսական հարցերի շուրջ խոսել, բայց կասեմ, որ, Փառք Աստծո, ես այն քիչ թվով երգչուհիներից եմ, որ ինքս եմ հանդիսանում իմ ֆինանսական և երաժշտական պրոդյուսերը»:

Աստղիկն ամանորյա մի փոքր հանգստից հետո կանցնի իր մյուս անելիքներին։ «Կփորձեմ այնպես անել, որ 2016-ն ինձ համար լինի դրական իմաստով ամենահիշարժան տարիներից մեկը, և հուսամ, որ կլինի հաջող աշխատանքային տարի: Շնորհավոր գալիք Նոր տարին»,-եզրափակեց նա:

 Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի