Նրանք արդեն պատրաստվում էին թաղել փոքրիկին, սակայն կյանքն անսպասելի շրջադարձ ունեցավ


19:45 , 22 դեկտեմբեր, 2015
Երեխայի ծնունդը միշտ որոշակի անհանգստություն է առաջացնում ծնողների մոտ։ Նրանք անհանգստանում են, որ որևէ բան հանկարծ չպատահի իրենց փոքրիկի հետ։ Սակայն այն, ինչ ստիպված էին ապրել Սթիվեն ու Էրիկա Ջոնսոնները, չես ցանկանա նույնիսկ թշնամուդ։
Ֆլորիդայից երիտասարդ զույգը պատրաստվում էր երկրորդ դստեր ծնունդին, սակայն արդեն հղիության 18-րդ շաբաթում բժիշկները նրանց տխուր լուր հայտնեցին։ Հետազոտությունը ցույց էր տվել, որ երեխան դաունի սինդրոմով կծնվի։
Բնականաբար, այսպիսի լուրը լուրջ հարված էր Էրիկայի և Սթիվենի համար, սակայն նրանք չհասցրեցին ուշքի գալ դրանից, երբ հղիության 30-րդ շաբաթում բժիշկները երեխայի մոտ ուղեղի ուռուցք հայտնաբերեցին։
Չարորակ ուռուցքն այնքան մեծ էր, որ բժիշկները ոչ մի հույս չունեին, որ երեխան կապրի։ Ուռուցքն արդեն այնքան էր զարգացել, որ վիրահատություն հնարավոր չէր իրականացնել, իսկ քիմիոթերապիան այս տարիքում հակացուցված է։
Բժիշկների կանխատեսմամբ՝ ծնվելուց հետո երեխան չէր կարող մի քանի շաբաթներից ավելի կենդանի մնալ։ Ստացվում է, որ Սթիվենն ու Էրիկան ոչ թե երեխայի ծնունդին, այլ թաղմանը պետք է նախապատրաստվեին...
Ինչևէ, աղջկա ծնունդից հետո, ում ծնողներն Էբիգեյլ անվանեցին, երեխան ամբողջ ուժով կառչեց կյանքից։ Ի զարմանս բժիշկների՝ ուռուցքը սկսեց աստիճանաբար փոքրանալ։ Երբ այն հասավ այն չափի, որ հնարավոր էր հեռացնել, աղջկան միանգամից վիրահատեցին։
Այժմ առողջ փոքրիկին ոչինչ չի սպառնում։ Նա առողջանում է ու ուրախացնում իր ծնողներին։ Նրանց կարծիքով՝ նրանք իսկական հրաշքի են ականատես եղել։