13:06 , 22 դեկտեմբեր, 2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց գյուղատնտեսական ընթացիկ տարվա բուսաբուծության ոլորտի արդյունքները և նշեց, որ յուրաքանչյուր տարվա բերքը ձևավորվում է նախորդ տարվա ընթացքում կատարված աշնանացանով: «ՀՀ կառավարության կողմից հատկապես վերջին տարիներին արդեն շարունակական են դարձել պետական աջակցության ծրագրերը»,- ասաց նա և մատնանշեց սերմնացուների, վառելանյութերի, պարարտանյութերի, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումները:
Նա նշեց, որ ցանքատարածությունները, վարելահողերն ավելացել են և բոստանային մշակաբույսերի արտադրության համար գյուղատնտեսական տարին բարենպաստ է եղել:«Կատարված ցանքերը լավ վիճակում են, եղանակային պայմանները նպաստավոր են, ջերմաստիճանը մեղմ է»,- ասաց նա և նշեց, որ ակնկալում են համախառն ներքին ծավալների արդյունքների աճ:
Նա հայտնեց, որ այս տարի ցորենի ծավալները կազմել է 369,4 հազար տոննա, անցած տարվա՝ 338,1 հազար տոննայի փոխարեն, բանջարեղենի ոլորտում ևս աճ է նկատվել և այս տարի ծավալը կազմել է 10,337 հազար տոննա, իսկ անցած տարի՝ 954, 6 հազար տոննա: Կարտոֆիլի ծավալն այս տարի կազմել է 776,6 հազար տոննա՝ անցած տարվա 733,1 հազար տոննայի փոխարեն:
Սամվել Գալստյանը նշեց, որ ընդհանուր գյուղատնտեսության ոլորտը ոչ պաշտոնական տվյալներով 11 ամիսների ընթացքում արձանագրել է 14,5 տոկոս աճ, որից բուսաբուծության ոլորտը կազմում է 11,6 տոկոս: «Համոզված ենք, որ կունենանք երկնիշ թվով աճ»,- ասաց նա: