12:44 , 22 դեկտեմբեր, 2015
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ամանորին ընդառաջ սովորաբար նկատվող թանկացումներին, նշեց, որ այս տարի այդ առումով կա ինչ-որ առաջխաղաղցում: «Առանձնապես գնաճ չի նկատվում և հավանական է, որ հիմնական ապրանքների հետ կապված չլինի էլ»,-ասաց նա:
Կարեն Չիլինգարյանը տեղեկացրեց, որ ավանդաբար թանկացող ապրանքները լինում են մսամթերքը, բանջարեղենը, իսկ այս տարի մսամթերքի շուկան կարգավորված է. միակ խնդիրը էկզոտիկ մրգի շուկայում կարող է առաջանալ։ Վերջինս կոչ արեց սպառողներին ուշադրություն դարձնել մակնշմանը:
Սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձավ ընդհանրապես տարվա ընթացքում նկատվող թանկացումներին և ասաց, որ, օրինակ, հացը երկու տարվա ընթացքում 370 դրամից դարձել է 480 դրամ: Չնայած դրան, Արմեն Պողոսյանը նշեց, որ այս տարի առաջընթաց է նկատում սննդի որակի անվտանգության և սպասարկման առումով:
Ինչ վերաբերում է ամանորով պայմանավորված թանկացումներին, ապա նա ասաց. «Այս տարի համեմատաբար մեղմ է, սակայն դեռ ժամանակ կա, և փորձը ցույց է տալիս, որ դեռ կլինեն թանկացումներ»,-հավելեց Արմեն Պողոսյանը: