16:26 , 21 դեկտեմբեր, 2015«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր շեղվեց Ազգային ժողովում քննարկվող հարցից՝ խոսելով «Նոր Հայաստան» միավորման ապագա անելիքների, իշխանափոխության անհրաժեշտության և այլնի մասին: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս առնչությամբ դիտողություն արեց Զարուհի Փոստանջյանին, կոչ արեց չձանձրացնել իրեն լսողներին:
«Այն ժամանակ, երբ մեր գործընկերը իր «Նոր Հայաստան»-ով հանդերձ ուղևորության էր գնացել մարզեր, այստեղ պատգամավորներն օրեր շարունակ քրտնաջան աշխատել են, չի կարելի պատգամավորներին քննադատել: Մնայիք դահլիճում, պատգամավորների հետ հավասար աշխատեիք, կտեսնեիք, որ առավոտյան ժամը 11:00-18:30-ը մանրակրկիտ աշխատել են»,- նկատեց խորհրդարանի փոխխոսնակը:
Զարուհի Փոստանջյանն իր խոսքում ասաց, որ խորհրդարանական դահլիճում դատարկություն է, ինչին ի պատասխան Շարմազանովն ասաց. «Միգուցե ձեր շարքերում դատարկություն կա, բայց այս դահլիճում ես դատարկություն չեմ տեսնում, այդ թվում` մարդկային դատարկություն: Այս դահլիճում կան լուրջ, ազգընտիր գործիչներ տարբեր քաղաքական կուսակցություններից ու պետք չի վիրավորել ձեր գործընկերներին»:
ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ Հայաստանում իշխանափոխությունը պետք է լինի միայն ընտրությունների միջոցով: «Չի կարելի թիվ մեկ քաղաքական ամբիոնը դարձնել ձանձրալի ամբիոն: Դուք ձանձրացնում եք ոչ միայն մեզ, նաև Ձեզ տեսնողներին: Ինչ վերաբերում է Ձեր միտինգին, ես Ձեզ կհորդորեի, որ էլ միտնիգ չանեք, այստեղ Ձեզ ավելի շատ մարդ լսեց, քան Օպերայի հրապարակում, ուր հավաքվում եք»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: