Վրաստանն աբխազների և օսերի համար կհեշտացնի կենսաչափական անձնագրեր ստանալը՝ առանց վիզայի ԵՄ մեկնելու համար


12:44 , 21 դեկտեմբեր, 2015
georgia_passportSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն աշխատանքներ է տանում Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար վրացական կենսաչափական անձնագրեր տալու ուղղությամբ, ինչի շնորհիվ նրանք կկարողանան առանց վիզայի գնալ Եվրոպա։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին։
Դեկտեմբերի 18-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց իր ամփոփիչ եզրակացությունը Վրաստանի և Ուկրաինայի համար՝ ընդգծելով, որ այդ երկրները պատրաստ են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա ամիսներ անց։
Ցիխելաշվիլին հայտարարել է, որ իրենք աշխատանքներ են տանում, որ կենսաչափական անձնագրերի ստանալը մատչելի դառնա Աբխազիայում ու Հարավային Օսիայում բնակվող քաղաքացիների համար: «Սակայն դա չի լինի ամբողջովին անվերահսկելի գործընթաց, քանի որ մենք պարտավորություններ ենք ստանձնել ԵՄ-ի առջև, որ Վրաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրելու յուրաքանչյուր քաղաքացու համար, ով վրացական կենսաչափական անձնագրով մուտք կգործի Եվրոպա»,- ասել է նա։