Տարվա այս եղանակին առավել տարածված են շնչուղիների վարակները. Արա Ասոյան


12:26 , 21 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե տարվա այս ժամանակահատվածում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարածված են շնչուղիների հիվանդությունները:
 
«Այս պահին լուրջ վիճակ չկա, որ հարկ լինի կտրուկ քայլերի դիմել»,-ասաց Արա Ասոյանը:
 
Խոսելով H1N1 (խոզի գրիպ) գրիպի մասին, գլխավոր ինֆեկցիոնիստն ասաց, թե հայտնաբերված երեք դեպք կա, հավելելով նաև, թե հնարավոր է մոտ մեկ տասնյակ էլ չհայտնաբերված դեպքեր լինեն, քանի որ բոլորը չէ, որ դիմում են բժշկի:
 
«Սովորաբար այն նման է սովորական գրիպին և նախանշաններ նկատելու, ջերմություն ունենալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի»,-ասաց Արա Ասոյանը՝ շարունակելով, թե այժմ այդ հիվանդությունն ավելի մեղմ տարածվածություն և սրվածություն ունի, քան 2009 թվականին էր:
 
Խոսելով վիճակագրության մասին, Արա Ասոյանն ասաց, թե բավական ակտիվ աշխատանքային տարի է եղել իրենց համար. «Դրան նպաստեց նաև այն աննախադեպ շոգը, որ գրանցվեց այս տարի: Հետևաբար, եղան նաև շոգին բնորոշ աղիքային ինֆեկցիաներ, և բարեբախտաբար, տարվա ընթացքում զոհեր չեղան»,-ասաց մասնագետը՝ նշելով, թե տարվա ընթացքում ավելի շատ դեպքեր գրանցվեցին մարզերում, քան՝ մայրաքաղաքում:
 
«Այս տարի ավելի շատ ճամբարներ էին գործում: Ճամբարներում միշտ չէ, որ մասնագետները տիրապետում են առողջ սննդի կարգուկանոնին, դա էլ իր հերթին նպաստեց, որ մի քանի ճամբարներում թունավորման դեպքեր գրանցվեն»,-ասաց Արա Ասոյանը:
 
Նա նաև նշեց, թե առանց ինֆեկցիոնիստի խորհրդատվության չպետք է հակաբիոտիկներ օգտագործել: Ինչ վերաբերում է Ամանորին, մասնագետը խորհուրդ տվեց չչարաշահել խմիչքը և սնունդը: