09:00 , 21 դեկտեմբեր, 2015
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ տեսակետ հայտնեց, թե հանդիպման արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե ինչքանով կհաջողվի քիչ թե շատ վերահսկելի դարձնել իրավիճակն առաջնագծում: Ըստ նրա՝ ի տարբերություն նախորդ բոլոր հանդիպումների այս անգամ խոսքը ոչ թե խաղաղություն ձեռք բերելուն, այլ պատերազմ չսկսելու մեթոդներ և գործիքներ որոնելու մասին է: «Այսինքն՝ այս տեսակետից կարծում եմ արդյունքը հանդիպման պետք է լինի պատերազմի չվերսկսումը»,-ասաց նա:
-Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, ինչպե՞ս կգնահատեք Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ի՞նչ արդյունքների կարելի է սպասել մոտ 2 ժամ տևած հանդիպումից:
-Դեռևս վաղ է դատողություն անել հանդիպման արդյունքների մասին, կարծում եմ՝ արդյունքները հնարավորինս կդրսևորվեն սահմանում և եթե հաջողվի քիչ թե շատ վերահսկելի դարձնել իրավիճակն առաջնագծում՝ կնշանակի, որ արդյունավետության տեսակետից հանդիպումն անիմաստ չէ: Բայց դատելով մեր արտգործնախարարի հայտարարությունից, հայկական կողմն այդքան էլ գոհ չէ բանակցությունների արդյունքից, կամ ավելի ճիշտ ադրբեջանական կողմի որդեգրած մարտավարությունից ու քաղաքականությունից: Բավական քննադատություններ կային ուղղված Ալիևի և նրա վարչակարգի դեմ, և ակնհայտ է մի բան, որ ամբոջությամբ այն դրական ձեռքբերումները, որ կարելի էր ակնկալել հանդիպումներից, չեն արդարացվելու: Ի տարբերություն նախորդ բոլոր հանդիպումների այս անգամ խոսք էր գնում ոչ թե խաղաղություն ձեռք բերելու մասին, այլ պատերազմ չսկսելու մեթոդներ և գործիքներ որոնելու մասին: Այսինքն՝ այս տեսակետից կարծում եմ՝ արդյունքը հանդիպման պետք է լինի պատերազմի չվերսկսումը:
Բացի այդ, առավել քան համոզված եմ, որ Ալիևը բավական լուրջ մեսիջներ է ստացել հայոց պետության ղեկավարից և նա պետք է այդ ամենն իմաստավորի իր համար և հասկանա: Ամեն ինչ կախված է, թե որքանով է նրա մտավոր ունակությունները պատրաստ ընկալելու լսած խոսքը և դիրքորոշումը: Կհասկանա՝ լավ է, չհասկանա՝ փաստացի հայոց ուժերը ստիպված են լինելու ադրբեջանցիներին հասկացնել, որ նման մեթոդներով, գործելը հայկական պետությունների սահմանում բավական վտանգավոր է հենց առաջին հերթին իրենց համար:
-Հայտնի է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սկսել Ադրբեջանի նկատմամբ, կարծո՞ւմ եք դա էլ կարող է դեր ունենալ Ադրբեջանին հասկանալու համար, թե զուտ բանակցային գործընթացից է կախված:
-Ո՛չ, հիմնական գործոնը, որ զսպել է ադրբեջանցիների ակտիվությունը սահմանում, կամ գոնե վերահսկելիության մակարդակում են պահել, դա հայկական զինված ուժերն են և մեր ռազմական պոտենցիալը: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են և դիվանագիտական դաշտում են: Այո՛, դա նույնպես գործոն է, այդ ուղղությամբ նույնպես պետք է մեր դիվանագիտությունն աշխատի և կարծում եմ՝ բավական լուրջ աշխատանք տարվել է արդեն, որ Միացյալ Նահանգները գնացել են այս ճանապարհով, բայց միևնույնն է, պետք է զարգացնել և գնալ այս ճանապարհով ՝ զուգահեռ միշտ հիշելով, որ մեր անվտանգության գլխավոր երաշխիքը բոլոր դեպքերում դա հայոց բանակն է:
-Իսկ Ձեր կարծիքով, Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Շատ գործոններ կան, և արդար լինելու համար պետք է ասել, որ սա վերջին շրջանում չէ, որ այդպես է, ուղղակի սանկցիանների գնացին միայն վերջին շրջանում: Միացյալ Նահանգները Ադրբեջանի ղեկավարությանը դիտարկում է Մերձավոր Արևելքի բռնապետությունների շարքում, սա ակնհայտ է և մեկուկես տարի առաջ դրա մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը: Բայց բացի դրանից, աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, բավական լուրջ վերափոխումներ և՛ մեր տարածաշրջանում, և՛ հարակից տարածաշրջաններում, որոնք կարող են նպաստել, որ Միացյալ Նահանգները, կոշտացնեն իրենց դիրքորոշումները: Կօգտվե՞ն արդյոք հայկական կողմը, ինչպես արդեն ասացի՝ համոզված եմ, որ մեր մասնակցությունն այդտեղ զգալի դերակատարում է ունեցել: