14:45 , 20 դեկտեմբեր, 2015
Exclusive
Նախատոնական օրերին հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը
«Avenue 37» բարեգործական սրճարանում նշել են իրենց «baby shower»-ը. նրանք հյուրընկալեցին իրենց ընկերներին ու հարազատներին, խաղեր խաղացին, բարեմաղթանքներ լսեցին: Տոնական տորթը կտրեց Վահեի մայրիկը:
BlogNews-ը նեկայացնում է օրվա հետաքրքիր պահերը և Վահեի ու Լիլիթի առաջին հարցազրույցը փոքրիկի մասին:

«Սա տոնական տրամադրություն ստեղծելու, ընկերների հետ հավաքվելու լավ առիթ էր: Տոնն ամերիկյան է,սակայն շատ բարի և լավ միջոցառում է, ինչո՞ւ մենք էլ չանենք: Հայերս չենք սիրում ամերիկյան տոներ, սակայն սա շատ լավ խորհուրդ ունի. հյուրերը հիմնականում կանայք և մայրիկներ ենք, ովքեր իրենց խորհուրդներով և նվերներով շատ են աջակցում ապագա մայրիկներին։ Նաև՝ շատ լավ առիթ է ուրախանալու համար. որոշեցինք ձմռան այս ցուրտ ու մռայլ եղանակին մի քիչ փոփոխություն մտցնել մեր առօրյայում»,- ասաց Լիլիթը ու հավելեց, որ շատ նվերներ են ստացել, որոնք նաև խորհուրդներ են ներառում։ «Հիմնականում խորհուրդներ լսում եմ ծնողներիցս: Ասում են՝ յուրաքանչյուր կին մայրանալու վայրկյանից շատ լավ գիտի՝ ինչ է պետք է իր բալիկին, սրտով զգում է՝ ինչի կարիք ունի փոքրիկը»,- նկատեց ապագա մայրիկը:

Լիլիթը հղիության յոթերորդ ամսում է, զույգն աղջիկ է ունենալու: Հենց այդ պատճառով էլ ամեն բան պատրաստված էր վարդագույնի երանգներով: Տոնի կազմակերպման հարցում Վահեին ու Լիլիթին աջակցել են ծնողներն ու Վահեի քույրը, իսկ սեղանի ձևավորման համար Լիլիթը դիմել է «Mary`s Lolly Buffet»-ին: Վայրի ընտրության հարցում ամուսինները կանգ են առել «Avenue 37» բարեգործական սրճարանի տարբերակի վրա: «Մենք ներկա էինք բացմանը և շատ էինք հավանել «Avenue 37»-ը, տեղը մեզ գրավել էր: Երբ մտածում էինք՝ ինչ հաճելի տեղ կարելի է ընտրել, որպեսզի բոլորն իրենց հանգիստ զգան, հասկացանք, որ ամենալավ ու հաճելի մթնոլորտ ունեցող տեղերից մեկը սա է: Երբ դիմեցինք տնօրենին՝ Արամ Անտինյանին, նա, կիսահասկանալով-կիսաչհասկանալով՝ ինչ ենք կազմակերպելու, միանգամից ասաց՝ սիրով, համեցեք, ինչը ևս մեզ շատ ոգևորեց: Բացի այս ամենը, ինձ շատ է դուր գալիս սրճարանի կոնցեպտը. երբ հասկանում ես, որ այստեղ ժամանակ անցկացնելով՝ կարող ես նաև օգնել մարդկանց, ովքեր քեզ չեն էլ ճանաչում, բայց ունեն օգնության կարիք: Սա լավագույն տարբերակն էր նաև ներքին հոգևոր բավարավածություն զգալու»:

Վահեի փոխանցմամբ՝ սա առաջին մեծ միջոցառումն էր փոքրիկի համար, իսկ նրա համար գնումներ դեռ չեն արել, թեև արդեն գիտեն՝ ինչ է պետք իրենց փոքրիկին: Լիլիթը նշեց, որ թե՛ ինքը, թե՛ ամուսինը շատ էին ուզում աղջիկ ունենալ, Վահեն էլ հավելեց. «Ես ի սկզբանե գիտեի, որ մեր առաջնեկն աղջիկ է լինելու, քանի որ շատ էի ուզում աղջիկ ունենալ, սակայն բժիշկը մեզ ասաց, որ տղա է, ասաց՝ դեռ ոչ ոքի մի ասեք, քանի որ պտուղը փոքր է, սակայն ես չդիմացա ու բոլորին ասացի։) Մեկ ամիս անց բոլորին կրկին պետք է լուր հայտնեի՝ իրականում աղջիկ ենք ունենալու:)»։
Փոքրիկի անվան ընտրության հարցում զույգը դեռ տատանվում է, սակայն հաղթում է Անի անունը։ «Երկուսս էլ սիրում ենք այդ անունը։ Շատ հայեցի ու գեղեցիկ է, միաժամանակ, միջազգային հնչողություն ունի։ Նաև՝ իմ ամենասիրած քաղաքներից մեկի անունն է»,-նշեց ապագա հայրիկը։
Վահեի խոսքով՝ կնոջ հղիության ընթացքում ինքն ավելի ուշադիր չի դարձել, քանի որ կարծում է՝ ընտրյալիդ միշտ պետք է մաքսիմալ ուշադրության արժանացնես։ Ինչ վերաբերում է հղի կանանց բնորոշ կամակորություններին՝ Լիլիթն ունի այդպիսիք, սակայն ծայրահեղություններ դեռ չեն եղել։ «Եղել են տարօրինակ դեպքեր, երբ, օրինակ, գիշերվա ժամը 3-ին Լիլիթը շոկոլադե պաղպաղակ է ուզել։ Պատրաստվում էի գնալ բերելու, բայց չթողեց։ Ինձ համար շատ հաճելի են էմոցիոնալ այդ դրսևորումները։ Լիլիթը փորձում է կառավարել իր տրամադրության անկումները, բայց և այնպես, նրա տրամադրության ցանկացած դրսևորումից ես շատ լավ եմ զգում ինձ»,- նկատեց հաղորդավարը:
Զույգը մեծ ոգևորությամբ է սպասում է 2016-ին: Նրան առաջնեկը լույս աշխարհ կգա փետրվարի վերջին: «Նոր տարվա հետ կապված շատ մեծ հույսեր ունեմ։ Ամենամեծ իրադարձութունը, իհարկե, մեր առաջնեկի ծնունդն է։ Նախատեսում ենք նորություններ ունենալ նաև մեր աշխատանքում»,- ասաց Վահեն, իսկ հարցին՝ որքա՞ն կտևի Լիլիթի աշխատանքային դադարը, արդյոք «Առավոտ լուսո»-ում կլինի հաղորդավարի փոփոխություն, Վահեն առայժմ դժվարացավ պատասխանել։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի