Նա չափից դուրս երկար օգտվեց նախընթաց բարենպաստ իրավիճակից և կորցրեց իրականության զգացումը։
Հարևան արաբական երկրների անկայունացումը, որի վերջին փուլը պետք է Սիրիայի մասնատումը դառնար։
Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը՝ Ղրիմի բռնակցումից հետո։
Իսրայել-Պաղեստին պարբերական սրացումները։
Սրանք իրավիճակներ էին, որոնցից Թուրքիան առավելագույն օգուտ էր քաղում։
Արաբական աշխարհում Էրդողանն իր դիրքերը ամրապնդում էր՝ սուննիական առանցք կառուցելով և Իսլամական պետությունն ուժեղացնելով։ Հոխորտում էր Իսրայելի դեմ ի պաշտպանություն պաղեստինցիների՝ իրեն ներկայացնելով որպես իսլամական աշխարհի առաջնորդ։ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման դատարկ խոստումներ էր տալիս Ռուսաստանին՝ քրդերի հարցում վերջինիս չեզոքության ու Արցախում իրավիճակը Ադրբեջանի օգտին փոխելու քայլերի դիմաց… Միաժամանակ Արևմուտքից քրդերին ռազմական հարված հասցնելու արտոնություն էր ստանում, որ Պուտինին տված դատարկ խոստումը չիրականացնի։ (Վերջին մեկ ամսում Պուտինը բազմիցս ակնարկեց, որ օժանդակել է Թուրքիային մի շարք «զգայուն հարցերում»՝ հայկական ու քրդական, ուրիշ էլ ի՞նչ, իսկ «Թուրքական հոսքի» թեմայով ավելի մանրամասն խոսվել է «Ռուսական նվեր Թուրքիային» իմ հրապարակման մեջ)։
Բայց Էրդողանի նեոօսմանյան երջանկությունը, որն ամրապնդվում էր վարչապետ Դավութօղլուի համաթուրանական տեսիլքներով, շարունակվեց մինչև ռուսական ինքնաթիռը խփելը։
«Դուրս շպրտել նոր օտոմաններին ՆԱՏՕ-ից. Ռուսական ինքնաթիռը գցելը ցույց է տալիս, որ Թուրքիան վտանգավոր դաշնակից է»՝ սա «Հաֆինգթոն Փոսթ»-ում լույս տեսած ծավալուն հոդվածի վերնագիրն է։ Այն հստակ սահմանում է Թուրքիայի գինը Արևմուտքի համար, որը բնավ Օսմանյան կայսրության վերականգնումը չէ ինչ-ինչ ծառայությունների դիմաց:
Այն, որ խոսքը քաղաքական գծի վերանայման մասին է, ցույց է տալիս նաև ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կոշտ օրինագծի նախաձեռնումը, որտեղ բացահայտ հայամետ կետեր կան։ Ինչպես Թուրքիան էր ուզում վերջերս Ալիևին ռազմական գործողությունների մղել Հայաստանի դեմ Ռուսաստանին բան հասկացնելու համար, նույն կերպ ամերիկյան օրինագիծը ադրբեջանցիներին որպես միայն ադրբեջանցիների չի խփում, այլ նաև որպես թուրքերի «կրտսեր եղբայրների»։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջան, քեզ եմ ասում, Թուրքիա, դու հասկացիր։
Սա չպետք է Հայաստանում ցնծության առիթ դառնա, քանի որ մեր պետության դերը չնչին է իրադարձությունների նման զարգացման մեջ։
Ավելին, «Ռելսերից դուրս եկած ժողովրդավարություն. Ինչպես է Հայաստանը դառնում հետխորհրդային տարածաշրջանի բռնապետության տիպար» հոդվածում, որ հրապարակել է նույն հեղինակավոր կայքը հանրաքվեի հաջորդ օրը, բացահայտվում են Սերժ Սարգսյանի վարչախմբի՝ բոլորին հարմարվելու ու փող պոկելու աճպարարությունները։
Սա հստակ նշան է, որ ԱՄՆ-ը, Արևմուտքն Ադրբեջանի դեմ ուղղված օրինագծով նաև ասում են՝ Ադրբեջա´ն, քեզ եմ ասում, Հայաստա´ն, դու հասկացիր։
Մենք մշտապես բողոքում ենք պատմական ճակատագրից ու աշխարհագրական դիրքից։ Բայց այս պահին կա հանգամանքների բացառիկ դրական դասավորություն, որը վարչախմբի նեղ օգուտներին ծառայեցնելը կլինի միջազգային ասպարեզում պետական վերակայացման հնարավորության հանցավոր վատնում։