Պատրաստում ենք բաց գույնի բիսկվիթ. սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք, ավելացնում 1 պտղունց աղ և խառնում այնքան, մինչև փրփրի։
Մյուս թասի մեջ ենք լցնում դեղնուցները, շաքարավազը, վանիլինը, ավելացնում ենք 3 ճ/գդ տաք ջուր և հարում այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
Դեղնուցների զանգվածի վրա ենք ավելացնում հարած սպիտակուցները։ Ալյուրն ու օսլան խառնում ենք, լցնում ձվով զանգվածի մեջ և զգուշորեն խառնում։

Ջեռոցը տաքացնում ենք մինչև 225 աստիճան։ Տապակի վրա ենք դնում յուղաթուղթը, վրան լցնում զանգվածը և 10-12 րոպե թխում` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։

Նույն կերպ պատրաստում ենք նաև մուգ բիսկվիթը։ Սպիտակուցները պետք է մաքուր և չոր հարիչով հարել։ Գոլորշու վրա հալեցնում ենք 50 գր շոկոլադը, մի քիչ սառեցնում ենք, լցնում դեղնուցներով զանգվածի վրա և լավ խառնում։ Վրան լցնում ենք սպիտակուցներն ու ալյուրի, օսլայի և կակաոյի խառնուրդը։ Զգուշորեն խառնում ենք։

Թխում ենք այնպես, ինչպես բաց գույնի բիսկվիթը։ 10 րոպե անց բիսկվիթը շրջում ենք թաց սրբիչի վրա և զգուշորեն հանում յուղաթուղթը։ Թողնում ենք, որ բիսկվիթներն ամբողջությամբ սառչեն։
Շոկոլադը բաժանում ենք կտորների և լցնում ապակյա տարայի մեջ։ Փոքր տարայի մեջ ենք լցնում սերուցքն ու լիկյորը և դնում թույլ կրակի վրա։ Անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև պղպջակներ առաջանան, բայց չենք եռացնում։
Հանում ենք կրակի վրայից, զանգվածը լցնում ենք շոկոլադով տարայի մեջ և հարիչով դանդաղ հարում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք։ Մինչև պնդանալը դնում ենք սառնարանը։

Բիսկվիթը քանոնի օգնությամբ 2 հավասար մասերի ենք բաժանում։ Այսպիսով ստանում ենք չորս շերտ։

Հարիչով հարում ենք շոկոլադե կրեմը, մինչև համասեռ դառնա։
Կտրտելու տախտակի վրա փայլաթիթեղ կամ յուղաթուղթ ենք դնում և վրան դնում բաց բիսկվիթի շերտը։ 4 ճաշի գդալ կրեմ ենք լցնում և հավասարապես տարածում։

Վրայից դնում ենք բիսկվիթի մուգ շերտը, վրայից` կրեմը, հետո նորից բաց շերտը, կրեմի շերտը և վերջում` մուգ բիսկվիթի շերտը։

Թխվածքը սննդային թաղանթի մեջ ենք փաթաթում և 1 ժամով դնում սառնարանը։
Այնուհետև թխվածքը դնում ենք սեղանի եզրին զուգահեռ։ Հացի դանակով երկայնքով երկու մասի ենք կիսում։ Արդյունքում 2 եռանկյուն մասեր ենք ստանում։
Թխվածքը փայլաթիթեղի վրա այնպես ենք դնում, որ շոկոլադե շերտը հորիզոնական լինի, իսկ կտրած հարթությունը դրսի կողմից։

Դանակով շոկոլադե շերտի վրա ենք քսում 4 ճ/գդ կրեմ, այնուհետև կպցնում ենք մյուս եռանկյունը բաց գույնի շերտով դեպի ներս, իսկ կտրած կողմով` դեպի դուրս։ Այժմ ստացանք մեծ եռանկյունի։
Մնացած կրեմը դանակով վրան ենք տարածում։ Եթե կրեմը շատ է պնդացել, նորից ենք հարում և այն կրկին կփափկի։

Կարող ենք վրայից կակաո ցանել։ Մինչ մատուցելը թխվածքը սառնարանում պետք է պահել, իսկ մատուցել կարող ենք ելակի կամ ազնվամորու հետ։
