23:10 , 19 դեկտեմբեր, 2015
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության որոշակի փոփոխություն կա, ինչը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությամբ:
Անդրադառնալով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթի օրենսդրական նախաձեռնությանը՝ մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև 2016թ. հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով հրավիրվելիք դռնփակ քննարկմանը, ասաց սրանք առանձին վերցրած կարևոր նախաձեռնություններ են:
«Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները, ի վերջո պետք է բերեին նման պատժամիջոցների, ինչպես նաև ԼՂ հակամարտության գծում անընդհատ հրադադարի խախտումները հանգեցնում են նրան, որ ի վերջո, պետք է փորձեն պարզել, թե որ կողմն է խախտում հրադադարը: Մյուս կողմից՝ Ռուսաստան-Թուրքիա հակամարտության մեջ Ադրբեջանից պահանջում են հստակ դիրքորոշում հանդես բերել: Իհարկե, Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը շանս է բացում Ղարաբաղյան խնդրի լուծման համար, որովհետև այս երկու կողմերը, որոնք միշտ կոնֆլիկտը թեժ էին պահում, զբաղված են այլ գործերով»,- ասաց նա:
Հարցին, թե Ադրբեջանի դեմ ԱՄՆ-ի նախաձեռնությունները նախազգուշացումներ են, թե կարող են կյանքի կոչվել, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Ամեն դեպքում օրինագծեր ընդունելուց առաջ, միշտ պետք է նախազգուշացումներ արվեն և հանրային կարծիքի ֆոն ստեղծեն: Ամեն դեպքում, եթե մնան իբրև նախազգուշացումներ, նրանք անօգուտ և անիմաստ չեն լինի»:
Իսկ թե ինչպես կարող են ազդել բուն հակամարտության վրա հարցին, Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունները լուրջ նախազգուշացում են այն մասին, որ արդեն բոլորը հոգնել են այս հակամարտությունից:
«Ընդհանրապես, այս լարված իրավիճակը հնարավոր է շանս ստեղծի խնդրի լուծման համար, պետք է սպասենք տեսնենք, բայց ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա:
Անդրադառնալով Բեռնում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը և դրանից բխող ակնկալիքներին, քաղաքագետը նշեց, որ այն ինքնին կարևոր է, որովհետև իրավիճակն այնպիսին է, երբ ցանկացած բանակցություն արդեն իսկ նշանակում է, որ չի եկել պատերազմի ժամանակը:
«Նվազագույն արդյունքը, որ կարող ենք սպասել սահմանային լարվածության թուլացումն է: Հանդիպումից առաջ, իհարկե, միշտ էլ լինում են զոհեր նրա համար, որ հանդիպումից հետո լարվածության թուլացում լինի: Իհարկե, ինչ-որ շանսեր տեսնում ենք, չի բացառվում, որ առաջխաղացում լինի բանակցային ինչ-որ մի ճյուղում»,- ասաց նա: