15:26 , 19 դեկտեմբեր, 2015
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ոչ պակաս կարևոր ուղղություններից է մնում կազմակերպված հանցավորության դեմ պայքարը: Այդ մասին դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:
Նա տեղեկացրել է, որ ԱԱԾ հակահետախուզական մարմնի կազմում ստեղծված են հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են ծանր հանցագործությունների, մասնավորապես պատվերով սպանությունների օպերատիվ բացահայտմամբ:
«Վերջին նմանատիպ դեպքը, կապված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա: Մեր ծառայության բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք այս պահին էլ զբաղվում են նման ծանր հանցագործությունների բացահայտման խնդիրներով, ունեն բոլոր պահանջվող որակները, նորագույն գիտելիքներն ու փորձը, որը կա աշխարհի ամենաարդյունավետը համարվող հատուկ ծառայություններում», -հայտարարել է Հակոբյանը:
ԱԱԾ տնօրենի ներկայացրած տվյալներով, ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում կասեցվել է նաև օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած անդրազգային մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քարտերով Հայաստանի Հանրապետության տարածքում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Նաև բացահայտվել են միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների, ինչպես նաև կապի օպերատորների նախկին ղեկավարների կողմից խոշոր գումարների յուրացման նպատակով 2,5 միլիոն դոլարից ավելի անապրանք գործարքների դեպքեր, որոնց արդյունքում պատճառված 830 միլիոն դրամի չափով վնասը նույնպես վերադարձվել է պետական բյուջե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ