22:46 , 18 դեկտեմբեր, 2015
Հայաստան են ներմուծվում հիմնականում հին մեքենաներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Վրաստանը մարտ ամսվանից արգելելու է 2009 թվականից հին մեքենաների մուտքը, իսկ Ադրբեջանը՝ 2006 թվականից հին մեքենաների մուտքն է արգելել:
Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ թեև թանկ մեքենաներ ժողովուրդն ի վիճակի չէ գնել, սակայն հին ավտոպարկ էլ Հայաստանին պետք չէ:
Ըստ նրա՝ եթե Հայաստանում էլ արգելվի հին մեքենաների մուտքը, ավելի քիչ մեքենաներ կսկսեն ներմուծել, քանի որ ավելի թարմ մեքենաներն ավելի թանկ արժեն: «Հիմա քչացել է Վրաստանից մեքենաներ բերելը»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը և դա պայմանավորեց ոչ միայն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելով, այլ նշեց, որ դա այլևս ձեռնտու չէ:
«Հայաստանից քաղաքացին ավելի էժան կառնի իր ուզած մեքենան, քան Վրաստանից կբերի,»,- ասաց նա և նշեց, որ իր ծանոթներից ոմանք, ովքեր զբաղվում էին Վրաստանից մեքենաներ բերելու բիզնեսով, դադարեցրել են: