21:46 , 18 դեկտեմբեր, 2015
Վերջին տարիներին տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության, մասնավորապես բանկային, կապի և տրանսպորտի ոլորտներում անվտանգության ապահովման, ինչպես նաև անօրինական միգրացիայի, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության ու մաքսանենգության դեմ ուղղություններում: Այդ մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայողի աշխատողի օրվա առթիվ տեղի ունեցած ԱԱԾ հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:
Նրա խոսքով` հատուկ ստորաբաժանումները զբաղված են ծանր հանցագործությունների, մասնավորապես, պատվերով սպանությունների օպերատիվ բացահայտմամբ: «Վերջին նմանատիպ դեպքը, կապված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վստահեցրեց Հակոբյանը:
Գորիկ Հակոբյանը նշեց, որ ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում կասեցվել է օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած անդրազգային մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քարտերով Հայաստանի տարածքում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 մլն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է: ՀՀ տարբեր տեսակի ապրանքների մաքսանենգ ներկրումների խափանման արդյունքում վերականգնվել է պետական բյուջեին հասցված ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամի չափով վնասը: ԱԱԾ-ին հաջողվել է բացահայտել ՀՀ տարածքով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. Առաջինը՝ Լատինատառ Ամերիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը՝ Իրանից Հայաստանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա՝ Մալայզիա: Ընդհանուր առմամբ բացահայտված և խափանված թմրամիջոցների գինը տարբեր երկրների «սև շուկաներում» տատանվում է 100 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում՚:
ԱԱԾ գործունեության առանցքային ուղղություններից մեկի` սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գծով ևս արդյունքներն ակնառու են: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքի ամենավառ օրինակը մեր երկրում նախադեպը չունեցող հանցավոր համագործակցության վնասազերծումն է: Դա տեղի ունեցավ շնորհիվ ԱԱԾ բոլոր օպերատիվ ստորաբաժանումների լարված աշխատանքի.
«Առանձնապես ծանր հանցանքներ պլանավորած զինված հանցախմբի բացահայտման և ոստիկանության հետ համագործակցությամբ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով իրականացված հատուկ միջոցառման արդյունքում կանխվեցին հիրավի հրեշավոր վտանգներ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե հանցախմբի հնարավոր գործունեության դեպքում քանի զոհ ու այլ ծանր հետևանքներ կարող էին առաջանալ: Առանց ավելորդ գովաբանության պետք է փաստել, որ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ստեղծման օրվանից մինչև հիմա ահաբեկչական բնույթի որևէ գործողություն, որին մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր, այդ թվումª զարգացած անվտանգության և իրավապահ համակարգ ունեցող երկրներում, Հայաստանում չի կատարվել»,- ասաց նա:
Գորիկ Հակոբյանը հավաստիացրեց հասարակությանն ու պետության ղեկավարությանը, որ ԱԱԾ-ն ունակ և պատրաստ է դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերներին.«Հայաստանի քաղաքացիների, հասարակության ու պետության շահերին սպառնացող վտանգները կանխելու և խափանելու մեր հաստատակամությունն անբեկանելի է ու անսասան: ԱԱԾ ղեկավարությունն ու անձնակազմը ցանկացած պայմաններում շարունակելու են պետական մտածելակերպով առաջնորդվելու, բարձր պատրաստակամությամբ գործելու և սեփական գիտելիքներն ու հմտությունները մշտապես զարգացնելու աշխատաոճը: Մենք շարունակելու ենք կոնկրետ գործերով ապացուցել անվտանգության մարմինների աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմն ու հակառակորդի ոտնձգությունները կանխելու և խափանելու մեր վճռականությունը»,- եզրափակեց նա: