18:24 , 18 դեկտեմբեր, 2015
Այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում իրականացրեց հայկական դիրքերի ուղղությամբ, զոհվեցին հայ զինվորներ, մի քանիսը ծանր վիրավոր են: Ու այս էլ որերո՞րդ անգամ: Ինչքա՞ն կարելի է անմեղ հայ տղեքի արյունը հոսի, ինչ է թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում իրեն տրված մանդատն ըստ արժանվույն օգտագործել:
Ադրբեջանի վայրի կենդանական բնազդի թելադրանքով գործողությունների մեջ տրամաբանություն չարժե փնտրել: Սրանք ցանկացած լուրջ մակարդակի հանդիպումից առաջ այսպիսի լարվածություն են ստեղծում, և այս անգամ էլ Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ արեցին: Եվ ի՞նչ է սա նշանակում…
Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ արտգործնախարարը հստակ օրակարգով մեկնեց Բելգրադ և հենց այնտեղ ել համանախագահներին ներկայացրեց, որ նրանց կողմից գործնական քայլեր չեն արվում: Եվ այսօր էլ այս դեպքերից հետո Է. Նալբանդյանը կրկին կոչ արեց եռանախագահներին, որ լավ չեն աշխատում և պետք է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելության ամրապնդում, նրա դաշտային օգնականների թվի ավելացում։ Ուրիշ ի՞նչ անի արտգործնախարարը, որ սրանց գլուխը մտնի, որ թվիթ անելով և անորոշ հայտարարություններ հնչեցնելով՝ նման լուրջ կոնֆլիկտ չեն լուծում:
Լավ, որևէ մեկն ինձ կարող է՞ բացատրել, թե ինչի համար է ստեղծված այս կառույցը, եթե պիտի ամբողջ տարին այս երկրից այն երկիր գնան, մասնակցեն ճոխ խնջույքներին, իսկ արդյունքում իրենց բուն պարտականությունը չկատարեն: Գուցե նրանք ճիշտ մասնագիտություն չեն ընտրել, գուցե պիտի շոումեններ դառնային ու շրջագայությունների իրենց բուռն ծարավին այլ ձևաչափով հագուրդ տային: Ախր սրանց աշխատավարձ են վճարում, նման լուրջ կոնֆլիկտի լուծում են վստահել: Սա խաղ ու պար չէ: Ձեր հանցագործ անգործության հետևանքով անմեղ հայ տղեքն են զոհվում: Եթե ահաբեկչական Ադրբեջանի համար իր մի քանի ասկյարի կյանքը գրոշի արժեք չունի, ապա ամբողջ հայ ազգի համար ցավ է նույնիսկ, երբ հայ զինվորի մատն է փուշ մտնում:
Կամ հրաժարվեք ձեր մանդատից, կամ էլ ականջալուր եղեք ՀՀ պահանջներին: