21:39 , 17 դեկտեմբեր, 2015
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Ադրբեջանը կմիանա «Ահաբեկչության դեմ իսլամական կոալիցիայի» անդամ երկրներին, ինչով հերթական լարվածություն կմտցնի Իրանի ու Ռուսաստանի հետ իր հարաբերություններում:
-Ադրբեջանի արտգործնախարարն «Ահաբեկչության դեմ իսլամական կոալիցիային» երկրի միանալու հարցով հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ: Սա ի՞նչ է տալու Ադրբեջանին և մյուս կողմից՝ չի՞ թիրախավորում Ադրբեջանին ԻՊ-ի համար:
-Չեմ կարծում, որ Ադրբեջանի մոտեցումները սկզբունքորեն կփոխվեն, որովհետև Ադրբեջանն այն իսլամական երկրներից է, որոնց համար «Իսլամական պետության» խնդիրը շատ ակտուալ է, քանի որ Ադրբեջանի հարյուրավոր, եթե ոչ` հազարավոր քաղաքացիներ են կռվում այնտեղ, և Իլհամ Ալիևի ռեժիմի համար դա լուրջ խնդիր է` հաշվի առնելով, որ այդ քաղաքացիները վերադառնում են Ադրբեջան : Մյուս կողմից, եթե թիրախ դառնա Ադրբեջանը, ապա, միգուցե, ավելի շատ Ռուսաստանի ու հատկապես՝ Իրանի համար լուրջ խնդիր դառնա, որովհետև հասկանալի է` ինչի մասին է խոսքը.սունիական երկրները փորձում են աջակցել Սաուդյան Արաբիային: Միանալու դեպքում, իրոք, լուրջ խնդիր կդառնա Իրանի համար, որը շիիթական երկիր է և խնդիրներ ունի և՛ Թուրքիայի, և՛ Սաուդյան Արաբիայի հետ: Հասկանալի է, որ այդ դաշինքը ներառում է իսլամական սունիական երկրները:
-Այսինքն` հենց այն պետություննե՞րն են, որոնց Ռուսաստանը մեղադրում է ԻՊ-ին աջակցելու մեջ: Նույն` Թուրքիա՞ն, Քաթա՞րը, Սաուդյան Արաբիայա՞ն:
-Դրա համար էլ`նշեցի` խնդիրներ կառաջանան Ռուսաստանի և Իրանի հետ: Պարզապես հասկանալի է, որ Իրանի դիրքորոշումը մի փոքր տարբերվում է, որովհետև ինքը և՛ իսլամական, և՛ շիիթական պետություն է:
-Այսի՞նքն` ռուս-ադրբեջանական հարաբերությունները կլարվեն:
-Չեմ կարծում, որ շատ էական կերպով կվատանան, բայց Մոսկվայում Ադրբեջանից դժգոհ լինելու մի «գալոչկա» ավել կլինի:
-Հետևաբար, հավանակա՞ն եք համարում, որ Բաքուն այդ հակառուսական ու հակաիրանական կոալիցիային միանալու որոշում ընդունի:
-Տեսականորեն չեմ բացառում, պարզապես չգիտեմ՝ արդյոք Ադրբեջանն ի վիճակի կլինի շատ արագ նման որոշում ընդունել. բայց չեմ էլ բացառում:
-Դա ինչ-որ կերպ կարո՞ղ է անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրի վրա:
-Ոչ մի կերպ։ Ինչպես և այն, որ օրինակ` «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունն ամեն տարի կամ ժամանակ առ ժամանակ բանաձևեր է ընդունում հակամարտության վերաբերյալ և դա որևէ կերպ չի անդրադառնում:
-Սակայն Ադրբեջանի միջազգային կշիռը չի ավելանո՞ւմ:
-Եթե Սուդանը կամ Մալին միանան այդ դաշինքին, Մալիի միջազգային կշիռը կավելանա՞. չեմ կարծում: