13:38 , 17 դեկտեմբեր, 2015
Բոլորը խնդիր ունեն մինչև 2017 թվական քաղաքական դաշտում կենդանի մնալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ դա իշխանությանը չի վերաբերում, քանի որ իշխանությունը ստացել է այդ վստահությունը և ժամանակ չունի PR-ով զբաղվել:
Ըստ նրա՝ ամանորից հետո ավելի սուր պայքար կսկսվի ընդդիմադիր դաշտում՝ ավելի լուրջ դերակատարում ունենալու և իրենց տեղը պահպանելու կամ ամրապնդելու համար: «Մենք կտեսնենք, որ նոր կուսակցություններ են ձևավորվում, որոնք նոր որակ են ուզում հաղորդել. ես դա ողջունում եմ: Մենք մի բան հասկացանք, որ հանրությունը հոգնել է ռադիկալ, մարգինալացված, ատելության կոչերից. մենք անցել ենք այդ փուլը»,-ասաց նա և նշեց, որ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, փոխվում է:
«Չի կարելի ամեն օր տասը հոգու տանել հրապարակ, տանել տուն, տանել հրապարակ, երգեր երգել, հեքիաթ պատմել, ուղարկել հետ. մարդիկ բան ու գործ ունեն չէ՞: Մարդկանց պետք է տանես հրապարակ մեկ անգամ՝ երբ դու հաղթում ես կամ պարտվում ես»,-ասաց նա և նշեց, որ այդ առումով Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում:
«Նիկոլ Փաշինյանին հիմա ես գովամ, էդ խեղճ տղուն պիտի էլի բան ասեն, բայց նա մի շատ ճիշտ բան է հասկացել իր գործընկերների հետ, այդ թվում նաև՝ Էդմոն Մարուքյանի, որ ընդդիմությունը պետք է լինի ինստիտուցիոնալ»,-եզրափակեց Շարմազանովը։