Փաստաթուղթը շատ փնթի է. Նաիրա Զոհրաբյանը՝ «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի նախագծի մասին


12:00 , 17 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացրած մի շարք օրենքների նախագծեր:

Մասնավորապես` «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի նախագծի օգտին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ երեք և 31-ը` ձեռնպահ, իսկ  նախագծի նպատակն այն է, որ այժմ գործող է 340 հազար գյուղացիական տնտեսությունից ստեղծեն գյուղացիական կոոպերացիաներ:
 
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով օրենքի մասին, նշեց, որ թեև իրենց խմբակցությունը կարծում է, որ օրենքի նախագծի գաղափարը լավն է, սակայն առաջարկում են, որ այն այս նստաշրջանում քվեարկվի միայն առաջին ընթերցմամբ: «Քանի որ փաստաթուղթը շատ փնթի է և ունի հակասություններ: Հակառակ դեպքում մենք ձեռնպահ ենք քվեարկելու»,- ասաց նա:
Խորհրդարանը կողմ քվեարկեց նաև «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին » նախագիծը, «Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որին կողմ քվեարկեց 92 պատգամավոր և 1-ը ձեռնպահ: Նշենք, որ այս նախագիծը նպատակ ունի հեռուստատեսությամբ և ռադիոյով արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդի ցուցադրությունը: