Ադրբեջանը չի կատարի ԱՄՆ պետդեպի առաջարկները, ուստի, միջազգային հանրությունը պետք է ճնշի այդ երկրին. Թ. Պողոսյան


10:56 , 17 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ամերիկյան կոնգրեսականներ Ռոյսի և մյուսների, ու դրա հիման վրա նաև` ԱՄՆ պետդեպի առաջարկը, որ սահմանին տեղադրվեն միջադեպերը ֆիքսող սարքեր,  ԱԺ «ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, ողջունում է, բայց,  այնուամենայնիվ, վստահ է, որ Ադրբեջանը դրանք չի իրականացնելու: Ուստի, առաջարկում է, որ միջազգային հանրությունն ի մի բերի ջանքերը և այս հարցում ճնշի Ադրբեջանին:

«Պետք է գիտակցենք, որ նախաձեռնությունը,  եթե  նույնիսկ ստանա կարգավիճակ, դժվար թե  Ադրբեջանը պատրաստ լինի հետ կանգնել իր նախկին հայտարարություններից և գործողություններից: Հայտարարությունների մասով իրենք  միշտ ասել են, որ պատրաստ են քննարկել օրինակ` դիպուկահարների հետքաշման հարցը, միայն, երբ ինչ-որ բաներ վերադարձվի իրենց կամ մեկ այլ խնդիր լուծվի»,-ասաց  Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։
 
Հիշեցնենք նաև, որ էդ Ռոյսի և մյուս կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ենթադրում են` շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում, շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը, ինչպես նաև՝ շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։

Թևան Պողոսյանը հույս ունի, որ ամերիկյան համանախագահության առաջարկին կմիանան նաև  ՄԽ-ում  ռուսական և ֆրանսիական համանախագահները:

«Եվ այս պարագայում, ըստ իս, կարևոր են լինելու մեխանիզմները, որոնցով կյանքի պետք է  կոչվի այս նախաձեռնությունը, որովհետև , իսկապես, այն շատ կարևոր է, և այստեղ ԱՄՆ-ն ի ցույց է դնում իր միջնորդական դերակատարումը և  նաև մտահոգությունը՝ սահմանին կանգնած զինվորների առնչությամբ»,-ավելացրեց պատգամավորը:

Հարցին, թե եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվի այդ սարքավորումները տեղադրելուց, ինչպես տարիներ շարունակ չի կատարում դիպուկահարներին հետ քաշելու պահանջը, Հայաստանը կարո՞ղ է միակողմանի տեղադրել միջադեպերը ֆիքսող սարքերը, որպեսզի հետագայում ապացույցներ ունենա, Թևան Պողոսյանը, բացասական պատասխան տալով, հետևյալ հարցադրումն արեց.«Հիմա, եթե սարքերը տեղադրենք,  դրանից հետո նորից տանկով կկրակեն, այդ սարքերն էլ կպայթեցնեն: Ի՞նչ խնդիր է լուծվելու: Այսինքն` այդ հարցին երկու կողմն էլ պետք է գիտակցաբար մոտենա»:

Հիշեցնենք, որ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով նույն խնդրին, նշեց, որ ցանկացած տիպի վերահսկման մեխանիզմների տեղակայումը մեր սահմանին կաջակցի սահմանային միջադեպերի միջազգային հետաքննությանը: