«168 ժամ». Եթե Ընտրական օրենսգրքի դեպքում ևս ընդդիմությունը ընտրի բովանդակային քննարկման մեջ չմտնելու մարտավարությունը


09:40 , 17 դեկտեմբեր, 2015
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Եվս մի քանի օր, և Հայաստանում քաղաքական տարին կավարտվի՝ ավարտելով նաև այն շրջափուլը, որի գագաթնակետը դարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Անկախ նրանից, ինչպես այն անցավ, դա արդեն իրողություն Է, և ակնհայտ է, որ չի ունենալու հետընտրական զարգացումներ, եթե անգամ ՀԱԿ-ին հաջողվի մինչև վաղը 27 պատգամավորական ստորագրություն հավաքել ու դիմել Սահմանադրական դատարան։ Զարգացումներ չի ունենալու նաև Ազատության հրապարակում իներցիայով հանրահավաքներ անող «Նոր Հայաստանի» շարժումը, որը մարդկանց մարզերից Երևան բերելու, Երևան գալու մոտիվացիա հաղորդելու փոխարեն՝ ինքն Է գնում մարզեր։ Իսկ հունվարից մեկնարկող քաղաքական կյանքում օրակարգի համար առաջին հարցը լինելու Է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որով Էլ պայմանավորվելու են խորհրդարանական կառավարման կարգում Ազգային ժողովի ձևավորման սկզբունքներն ու մեխանիզմները։ Այն, ինչն իշխանությունը չի կարողացել «անցկացնել» Սահմանադրության նախագծում, փորձելու է անել Ընտրական օրենսգրքի միջոցով։ Որքանով կհաջողվի՝ կախված Է դիմադրությունից։ Սահմանադրական հանրաքվեին նախորդող ընթացքը ցույց տվեց, որ դիմադրության այն ռազմավարությունը, որն ընտրել էր ընդդիմությունը, մեղմ ասած, չարդարացրեց իրեն։
 
Սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկման մեջ չմտնելու մարտավարությունն իրականում անգործությունն արդարացնելու չստացված քայլ Էր, որովհետև սահմանադրական հանրաքվեն կայանալու Էր՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» կմտնեին քննարկումների մեջ, թե՞ ոչ։ Նույնը, գուցե ավելի ընդգծված կերպով, վերաբերելու Է նաև Ընտրական օրենսգրքին։ Այն, այսպես թե այնպես, ընդունվելու Է, և եթե ընդդիմությունը կրկին ընտրի «բովանդակության բոյկոտի» տարբերակը, ընդունվելու Է ամբողջությամբ իշխանության կամքին ու քիմքին համապատասխան օրենսգիրք։ Եվ հակառակը՝ ընդդիմությունը կարող Է «դիմադրություն» կազմակերպել՝ ներկայացնելով առաջարկներ, իսկ որ ավելի լավ Է՝ Ընտրական օրենսգրքի այնպիսի այլընտրանքային տարբերակ, որը կբացառի բոլոր այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնվում Է ամիսներ շարունակ։ Սակայն, հաշվի առնելով այն, որ գոնե մինչև այս պահն ընդդիմությունը շարունակում Է ի սկզբանե պարտության տանող մարտավարությունը, քիչ հավանական Է, որ նույնը չի կրկնվելու նաև Ընտրական օրենսգրքի դեպքում»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։