01:13 , 17 դեկտեմբեր, 2015
«Աստղային պատերազմներ» ֆիլմի յոթերորդ մասի տոմսերի նախավաճառքը ռեկորդ է սահմանել:
Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում տոմսերի վաճառքից ստացված գումարը դեռ մինչև ֆիլմի վարձույթի մեկնարկը գերազանցել է 100 մլն դոլարը:
Ինչպես հայտնում է Variety-ն`«Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմը ռեկորդ է սահմանել, որը նախկինում պատկանում էր «Սև ասպետ» ֆանտաստիկ մարտաֆիլմին: 2012-ի հուլիսին էկրան բարձրացած ֆիլմը նախքան վարձույթում հայտնվելը կարողացել է 25 մլն դոլարի եկամուտ բերել:
Նշվում է, որ ֆիլմի սիրահարները ակտիվորեն տոմսեր են ձեռք բերում նաև Սուրբծննդյան և ամանորյա տոների օրերի համար: Տոմսերի վաճառքը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին
1977-ին «Աստղային պատերազմներ» ֆիլմի առաջին մասի էկրան բարձրանալուց ի վեր այն 28 մլրդ դոլարի եկամուտ է բերել` հաշվի առնելով նաև տարատեսակ ապրանքների վաճառքը` ֆիլմի թեմայով: Դրանից 4.4 մլրդ դոլարը ստացվել է տոմսերի վաճառքից: