22:26 , 16 դեկտեմբեր, 2015
47 երկիր միավորող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պաշտոնական հետաքննություն է սկսում Ադրբեջանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին հետևելու կապակցությամբ:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում նշվում է Ադրբեջանում քննադատական ձայները լռեցնելու և ազատ խոսքը սահմանափակելու նպատակով ընդունված իրավունքի չհիմնավորված կիրառման փաստը: Ստեղծված մտահոգիչ իրավիճակում, երբ դրական քայլեր չեն ձեռնարկվել այն կարգավորելու համար, որոշում եմ կայացրել Ադրբեջան ուղարկել իմ ներկայացուցիչներին: Նրանք կառավարությունից կպահանջեն զեկույցներ ներկայացնել երկրում Մարդու իրավունքների կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ»,- ասել է Յագլանդը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգություն է հայտնել այն փաստի շուրջ, որ Ադրբեջանում պաշտոնյաներն օգտագործում են իրենց լիազորությունները խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Նրա խոսքով` դա կոնվենցիայի կոպիտ խախտում է: