Դեռևս պահպանվում են չկառավարվող ինֆեկցիոն հիվանդությունները. նախարար


12:32 , 16 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Աշխարհում այսօր առողջապահական համակարգերն ունեն իրենց առջև ծառացած խնդիրները: Անկախ նրանից, թե ինչ աստիճանի զարգացվածության երկիր է, առողջապահության համակարգը տեսնում է նորանոր խնդիրներ՝ կապված առողջապահական նոր մարտահրավերների հետ:
 
«Առողջապահական համակարգի 2016-2021թթ զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողովի ընթացքում հանդես գալով բացման խոսքով՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
 
«Սա կապված է ինչպես ծերացող հասարակության, ծննդօգնության խնդիրների, բուժական աշխատանքների բարելավման, նոր դեղամիջոցների հայտնագործման և ներդրման, այնպես էլ օրեցօր ավելի բարձր գնահատական ստացող կանխարգելիչ գործողությունների հետ: Դեռևս պահպանվում են չկառավարվող ինֆեկցիոն հիվանդությունները, դեռևս չենք կարող հստակ ասել, թե ինչպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների աճ կարող ենք ունենալ մոտակա տարիներին։ Բայց այս փաստաթղթով հստակ պատկերացում ունենք, որ կանխարգելիչ գործողություններով, մասնավորապես՝ հանրային առողջապահական ծրագրերով, մենք կարող են ունենալ ավելի հստակ առողջություն ապահովվող ծրագրեր, որոնք միտում պետք է ունենան կանխարգելելու և թույլ չտալու այդ հիվանդությունների թիվը երկրում բարձրանալու»,-հայտարարեց նախարարը:
 
Նա նշեց, թե աշխարհում որևէ մի երկիր չի կարող ասել, որ եթե բոլոր կանխարգելիչ միջոցառումները հանեն, նա ի զորո՞ւ է այդ հիվանդությունները հաղթահարել՝ հաշվի առնելով, որ նա խիստ զարգացած բժշկական հիմնարկների ցանց ունի:
 
«Որպես զարգացող երկիր մեզ համար խիստ կարևոր է հանրային առողջապահական ծրագրեր իրականացնել՝ հաշվի առնելով, որ նրանք մեզ թույլ են տալու խուսափել առողջապահական ծախսերից, թույլ են տալու ավելի առողջ հասարակություն ունենալ»,-նշեց առողջապահության նախարարը:
 
Արմեն Մուրադյանն ասաց, թե կարողացել են ավելի կառավարելի դարձնել ինֆեկցիոն հիվանդությունների դաշտը, ստեղծվել են նոր կենտրոններ, որոնք թույլ են տալիս արդիական բուժօգնություն իրականացնել մարզային կառույցներում:
 
Նշենք, որ «Առողջապահական համակարգի 2016-2021թթ զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողովը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: