21:33 , 15 դեկտեմբեր, 2015
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նրա բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովը հույս են հայտնել, որ կկարգավորվեն ռուս-թուրքական հարաբերությունները։
Մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է. «Ռուս-թուրքական հարաբերությունները հատկապես կարևոր են սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար։ Սևծովյան երկրների ստեղծած համագործակցության մեխանիզմները պետք է աշխատեն այդ նպատակի համար։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, ինչի մասին հայտարարել ենք ՆԱՏՕ-ում և ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում։
Հուսով ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, որոնք մեծ ազդակ են ստացել վերջին տարիներին, կշարունակեն մնալ ավանդական, բարեկամական ու բարիդրացիական»։
Բորիսովը հավելել է, որ անկեղծ հավատում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և երկու կողմին երկխոսության ու համբերատարության կոչ է արել։