18:02 , 15 դեկտեմբեր, 2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պակ Նո Փյոկին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանական կապերի խորացմանը:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Կորեայի Հանրապետության խորհրդարանի ընդունելությունների սրահում Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված ցուցադրության համար:
ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-կորեական միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը և խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև Կորեայի հետ առևտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:
Պակ Նո Փյոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ կանի ամենը միջպետական հարաբերությունները զարգացնելու և խթանելու համար:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ դեսպանը նշել է, որ Կորեայի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:
Դեսպանը ևս կարևորելով մշակույթի ու կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ 2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանը կվավերացնի:
Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշում ունենալու համար:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխայցերը և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը: