17:49 , 15 դեկտեմբեր, 2015
Այսօր լրանում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում և Ջուղայի հայկական գերեզմանոցում Ադրբեջանի կառավարության կողմից միջնադարյան հայկական խաչքարերի կազմակերպված ոչնչացման 10 տարին, երբ հազարավոր խաչքարեր հողին հավասարեցվեցին ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ:
Վանդալիզմի այդ գործողությունները սկսվել էին 1998-ին, շարունակվել 2003-ին և ավարտվել 2006-ին: Գերեզմանոցի տարածքը վերածվեց հրաձգադաշտի:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ վանդալիզմ դրսևորած Ադրբեջանն առաջին հերթին խրախուսված է իր ավագ եղբոր` Թուրքիայի քայլերից:
«Համաշխարհային նշանակության հնավայրը 10 տարի է՝ չկա, և ոչինչ՝ հետ բերելու իմաստով, բնականաբար չենք կարող անել: Բայց կարող ենք կատարված հանցագործությունը, որի փորձերն արվել են, շարունակել հասցնել աշխարհին ի լուր: Եվ նման վայրագությունների կրկնությունները բացառելու համար է, որ պետք է այդ երկիրը դատապարտվի և պատժվի: Հակառակ դեպքում նման դեպքերը միշտ էլ կկրկնվեն: Ու կրկնվում են. մինչ մենք զրուցում ենք, հենց հիմա ադրբեջանցիները քանդում են: Նաև նրա համար, որ իր ավագ եղբորը` Թուրքիային էլ դրա համար չեն պատժել»,-ասաց նա։
Ադրբեջանի վանդալիզմի միջազգային արձագանքը՝ Եվրահանձնաժողովից մինչև Վատիկան ու ՅՈՒՆԵՍԿՕ
Ադրբեջանական սույն վանդալիստական ակտերին արձագանքեցին ու դատապարտեցին Եվրահանձնաժողովից, ԵԽԽՎ -ից մինչև Վատիկանի, Հունական ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Հուշարձանների պահպանության միջազգային խորհուրդ (International Council on Monuments and Sites - ICOMOS, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
2006 թվականի փետրվարի 16-ին Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայում միջնադարյան գերեզմանոցի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջում էր թույլատրել Եվրապառլամենտի պատգամավորությանը՝ այցելել երկրի տարածքը։
Խաչքարերի հարցը գրեթե ամեն նստաշրջան արծարծվում էր նաև ԵԽԽՎ-ում: Եվրոպական պատգամավորներից մեկն առաջարկեց այց կազմակերպել Ջուղա, ինչը սակայն արժանացավ Ադրբեջանի մերժմանը:
Tert.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեց, թե ինչպես, երբ ժամանակին նախագահում էր Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, հերթական նիստին կազմակերպել էին «20-րդ դարի վանդալները» ֆիլմի ցուցադրությունը և այն ինչ արձագանքի արժանացավ:
«Եվ դա աննախադեպ էր, երբ հնարավոր եղավ, կոտրելով ադրբեջանական լոբբինգի դիմադրությունը, կազմակերպել այդ ցուցադրությունը: Իհարկե, դրան հետևեցին ադրբեջանական ԱԳՆ-ի բազմաթիվ նոտաները, սակայն կարծում ենք` մեզ հաջողվեց եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա»,-հիշեց և ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Վատիկան, Հունական ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Հուշարձանների պահպանության միջազգային խորհուրդ (International Council on Monuments and Sites - ICOMOS . սա միջազգային կառույցների մակարդակով արձագանքն էր:
Մի շարք համաշխարհային գիտնականներ ԱՄՆ-ի սենատորների հետ միասին , ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ կազմակերպություններին ուղղված՝ Ադրբեջանի կառավարությանը դատապարտող նամակ ստորագրեցին:
Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին Ադրբեջանում կատարվածը բնութագրեց որպես հանցագործություն։ Եվրապառլամենտում բրիտանացի ներկայացուցիչ Չարլզ Թանոքը Ջուղայի խաչքարերի ոչնչացումը համեմատեց Թալիբանի կողմից Բուդդայի արձանների քանդման հետ:
Իսկ Չիկագոյի Համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթը խաչքարերի ոչնչացումը բնութագրեց որպես «…ամոթալի դրվագ մարդկության վերաբերմունքի մեջ իր անցյալի նկատմամբ, ցավալի ակտ Ադրբեջանի կառավարության կողմից, որը բացատրություն և ուղղում է պահանջում»:
Հիշեցնենք, որ ի պատասխան Հայաստանի և միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրած մեղադրանքների Ադրբեջանը հայտարարել էր, որ «հայերը երբեք չեն ապրել այդ տարածքներում», որ Նախիջևանը անհիշելի ժամանակներից ադրբեջանցիների հողն է և որ հուշարձանները հայկական չէին, այլ աղվանական։
2010 թվականին, հիշեցնենք, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ բացվեց խաչքարերի զբոսապուրակ , որտեղ տեղադրված էին եղել Ջուղայում քանդված խաչքարերի 20 կրկնօրինակները։