Ավազակային հարձակում հայտնի գործարարի տան վրա. կա վիրավոր, հանցագործը հիվանդանոցում մահացել է


16:51 , 15 դեկտեմբեր, 2015

10fb4d23b729b2e020396d2c46cb6ad2Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադները:

Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա են տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ բժշկական միջամտությունները ձեռնարկեցին նրա կյանքը փրկելու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել է տանտիրուհին, երբ տականքը կրակոց է արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը, կարելի է ասել, փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը հրազենային վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի՝ ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: