Վարդան Սարգսյան. «Երեխաներին ստիպում էին խմել այն ջուրը, որին դիպչել են առնետները»


15:15 , 15 դեկտեմբեր, 2015
BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել Վարդան Սարգսյանի արկածները Հնդկաստանում, նրա յուրաքանչյուր հաղորդում լի է սարսափով և հետաքրքիր դրվագներով:
«Հնդկաստանի ամենատարօրինակ վայրերից մեկն էլ անվանում են Կառնի մատա, դա տաճար է, որտեղ բնակվում են երկու հազարից ավել առնետներ: Նկարահանումները սարսափելի էին, սկզբում թույլ չէին տալիս՝ նկարահանում իրականացնեինք, բայց երկարատև բանակցություններից հետո թույլատրեցին: Սկսվեց ամենասարսափելին, այդտեղ գտնվելն անբացատրելի վատ զգաղողություն էր»,-պատմում է Վարդանը։

Չնայած Վարդանի համար այդ ամենը սարսափելի էր և տհաճ, բայց միևնույն ժամանակ նա նկարագրում է, թե ինչ «դրախտային» կյանքով էին ապրում առնետները. «Բոլորը նրանց ուտելիք էին բերում, քաղցրավենիք, կաթ, բացի դրանից՝ նրանց համար հնչում է կենդանի երաժշտություն: Կարծես վատ երազ լինի, ոչ թե իրականություն, մարդիկ երազում են դիպչել այդ կենդանիներին, իսկ երեխաներին ստիպում էին խմել այն ջուրը, որին դիպչել են առնետները»:

Վարդանը պատմում է, որ նրա համար առաջին վարկյաններն ամենաահավորն էին, երբ առնետները դիպչում էին նրա ոտքերին։ «Հետո սկսեցի չնկատել այդ կենդանիներին, ի դեպ, ռուս լրագրողներից մեկը, ով արդեն եղել էր այնտեղ և նկարահանում էր արել իր հաղորդման համար, ինձ խորհուրդ տվեց տաճար գնալ կարճ շորտերով, քանի որ նրանք հագուստի մեջ մտնելու սովորություն ունեն»,-նշեց նա:
Ծրագրի վերջում, որպեսզի հեռուստադիտողները դուրս գան շոկից, կցուցադրեն հանրահայտ Թաջ Մահալը։ «Կարծում եմ` գոնե այդ կերպ ծրագրի վերջում կշեղվեն այն սարսափելի կադրերից, որոնք կտեսնեն ծրագրի առաջին հատվածում, ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի»,-եզրափակեց Վարդանը:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի