Ադրբեջանի ավանտյուրան ահաբեկչություն է նաև Մինսկի խմբի դեմ. Արտակ Զաքարյան


11:40 , 15 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերջին օրերին կրկին մեծացել է: Թե որքանով է այս հանգամանքը կապված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման, կամ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության հետ, Tert.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի այս ավանտյուրան կարելի է որակել իբրև ահաբեկչություն ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ, և անհրաժեշտություն կա, որ Ադրբեջանը առաջին հերթին քաղաքական առումով պատժվի:
 
-Պարո՛ն Զաքարյան, ինչի՞ հետ են կապված սահմանային վերջին լարվածությունները՝ Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպմա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական իրադարձություններով:
 
-Սահմանային լարվածությունները պարբերաբար են լինում՝ երբեմն ակտիվանում են` հասնելով ամենաբարձր աստիճանին, երբեմն՝  թուլանում, բայց, այնուամենայնիվ, լարվածությունը միշտ ակնհայտ է եղել, հատկապես վերջին տասը տարիների ընթացքում, երբ  Ադրբեջանը բանակցային գործընթացին զուգահեռ սկսեց նաև ռազմատենչ հռետորաբանությունը հարստացնել: Գոյություն ունի սրա դեմ արդյունավետ գործելու երկու ճանապարհ: Առաջիննն այն է, ինչը մեր զինված ուժերն են իրականացնում, այսինքն`  հստակ պատժիչ գործողություններ, որոնք ադրբեջանական զինուժին ստիպում են հետ քաշվել և սահմանափակել իրենց գործողությունները, և երկրորդ` միջազգային հանրության արձագանքը, հատկապես Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում:
 
Բնականաբար նաև ԱՄՆ-ի Պետդեպի համապատասխան վերջին արձագանքը հերթական անգամ ուղղված էր Ադրբեջանին՝ անթույլատրելի է իրավիճակը դուրս բերել խաղաղ կարգավորման  հունից, և անթույլատրելի է ծանր զինտեխնիկայի կիրառումը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ավանտյուրան առանց վարանելու կարելի է անվանել նաև ահաբեկչություն, որն ուղղված է Մինսկի խմբի դեմ, սա անուղղակի ահաբեկչական գործողություն է բանակցային խնդիրների դեմ և պետք է Ադրբեջանը պատժվի առաջին հերթին քաղաքական առումով:  Ադրբեջանի զինուժի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնում են ԼՂՀ Պաշտպանության բանակը և ՀՀ զինված ուժերը, բայց քաղաքական առումով ևս Ադրբեջանը պետք է պատժիչ ազդեցություն զգա իր վրա:
 
-ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ առաջնագծում տանկեր են կիրառվել: Կարո ՞ղ ենք ասել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս:
 
-Ո՛չ, իրավիճակը ցանկացած զենքի, զինտեխնիկայի կիրառման դեպքում միշտ վերահսկելի է և այդպես էլ լինելու է: Մեր զինված ուժերը ևս կարող են կիրառել ցանկացած տիպի տեխնիկա,  համարժեք ուժգնությամբ պատասխանել բոլոր գործողություններին, բայց դա մենք շատ լավ հասկանում ենք, որ ցանկալի չէ , որովհետև միշտ նախընտրելի է խնդրի խաղաղ կարգավորումը:
 
-ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին չի համապատասխանում սահմանին տիրող իրավիճակը: Ի ՞նչ պետք է անել, որպեսզի մի օր միջազգային կառույցների կոչն ուղղված լինի միայն Ադրբեջանին:
 
-ԱՄՆ-ի Պետդեպում էլ շատ լավ տեսնում են, որ ադրբեջանական տանկն է կրակում, ոչ թե հայկականը, այնտեղ էլ շատ լավ տեսնում են, որ ադրբեջանական հրթիռային կայաններն են խոցում հայկական դիրքերը, շատ լավ հասկանում են, որ պաշտպանական նպատակով տրվող հակահարվածները, հենց հիմնական զսպիչ ուժն են, որոնք սահմանափակում են ադրբեջանական զինուժի հույսերը կամ հետագա առաջխաղացման հնարավորությունները: Եվ կոչը ուղղված կողմերին մենք դիտարկում ենք զուտ դիվանագիտական տեսանկյունից կոռեկտ քայլ: Ես որ խոսում եմ քաղաքական պատիժներից և քաղաքական գնահատականների մասին, բնականաբար դրա միակ հասցեատերը Ադրբեջանն է, որովհետև Հայաստանը ոչ միայն խոսում է խաղաղ կարգավորման մասին, այլ ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակը մնա խաղաղ կարգավորման հունի մեջ, և երբեք չի տրվում սադրանքների:
 
- Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը միայնա՞կ է գործում, թե՞ թիկունքին այլ երկրներ ևս կան, այդ թվում նաև Թուրքիան։
 
-Թուրքիան երբեք չի թաքցրել, որ և՛ բարոյապես, և՛ քաղաքականապես,  նաև ռազմական տեսանկյունից աջակցում է Ադրբեջանին: Մենք ուզում ենք խաղաղ լուծումներ և խաղաղ գործընթացներ, այլապես  հարցը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կլինի, այլ կդառնա  շատ բարդ  խնդիր շատ երկրների համար, հատկապես նրանց, ովքեր ունեն հստակ արտահայտված շահեր Հարավային Կովկասում: