23:08 , 14 դեկտեմբեր, 2015
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ սովորական է դարձել տեսնել Ադրբեջանի սադրանքները սահմանին, հատկապես՝ բանակցային կարևոր հանդիպումներից առաջ: Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետը հավելեց, թե չի փոխվել նաև հայկական դիվանագիտական կողմի քայլերը. գրավել պասիվ դիրք և սպասել միջազգային հանրության ու Մինսկի խմբի համանախագահների անպտուղ կոչերին ու հայտարարություններին:
«Եթե հաշվենք, որ 1992թ.-ից սկսվել է զինադադարը, ապա պրակտիկորեն տեսնում ենք, որ քիչ բան է, որ բանակցային ճանապարհով փոխել ենք. իսկ չե՞նք կարող ասել, որ եղած արդյունքներն էլ եղել են հենց Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ»,-ասաց քաղաքագետը:
Ըստ Շաքարյանցի՝ պետք է հայկական կողմից լինի կոշտ ու հստակ դիրքորոշում: «Պետք է բոլոր դեպքերը բազմակողմանի հետաքննվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից, և այն կողմը, որը խախտում է հակամարտության գոտին, ինչ-որ սանկցիաների ենթարկվի»,-ասաց նա, իսկ սանկցիա ենթարկելու համար խախտումների դիմող կողմին սաստելու տարբերակ առաջարկեց:
«Դատարկ սպառնալիքներ պետք չեն, ընդամենը պետք է հրապարակավ պայմանագիր կնքեն ԼՂՀ-ի հետ, կտեսնեք անմիջապես ինչպես կսկսեն բոլորը վազել, անխտիր բոլորը կվազվզեն այս ու այն կողմ»,-ասաց նա:
Շաքարյանցի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է հայտարարել, թե կա՛մ ճնշում են Ադրբեջանին, կա՛մ էլ բանակցային գործընթացը սառեցվում է, մինչ Ադրբեջանը չդադարի նման գործողությունների դիմելուց:
«Բայց դա տեղի չի ունենում, այդ դեպքում մենք հասկանում ենք, որ կա միտում, որ անորոշ հայտարարություններ կլինեն, որից քիչ անց Ադրբեջանը կվերադառնա նույն սադրանքներին, հրադադարի խախտումներին և հանդիպումն էլ կլինի անարդյունք: Մինչդեռ մենք իրավունք ունենք ոչ միայն ռազմադաշտում, այլ բանակցությունների ոլորտում նախահարձակ քաղաքականություն վարել, այլ ոչ թե սպասել, որ մեկը զոհվի, հետո բացականչել, թե՝ վա՜յ, զոհ ունենք, Ադրբեջանին սանձե՛ք: Սա շատ խոցելի պահվածք է»,-ասաց նա:
Իսկ թե Ադրբեջանի ցանկությունն էլ հենց դա չէ՞ ձախողել բանակցային գործընթացը և ձևաչափը փոխել, Շաքարյանցը պատասխանեց, թե ինքը նկատի ունի, որ բանակցությունները սառեցվեն մինչև Ադրբեջանը չդադարի խախտել զինադադարի համաձայնագիր, որը ստորագրվել է 94թ.-ին : Ըստ նրա, ԼՂՀ պատերազմի սկսումը ոչ մի գերտերության պետք չէ:
«Պահպանել բանակցային գործընթացը նախ և առաջ ձեռնտու է հենց նրանց, քանի որ զուգահեռաբար լուծում են մի շարք այլ քաղաքական կոնֆլիկտներ, որի պակասը երկրագունդը չունի: Ոչ ոք շահագրգռված չի լինի, որ այստեղ պատերազմ սկսի, մանավանդ մեր հարևան պետությունները և ՌԴ-ին առանց վերապահման»,-ասաց նա:
Ըստ Շաքարյանցի՝ մենք նույնիսկ լռում ենք և չենք օգտվում ՀԱՊԿ կառույցի հնարավորություններից, այն դեպքում, երբ նախագահող երկիրը մենք ենք: Իսկ թե, միգուցե, այդ կառույցը դրա առիթը չի տալիս, պատասխանեց. «Ինչ կապ ունի տալիս ես, թե՝ ոչ, ՀԱՊԿ-ի նախագահի տեղակալներից մեկն է, էտ մարդու աջ ձեռքն է ու ինքը այնտեղ նստած ինչ-որ արտոնություններց է օգտվում երևի և ոչ թե աշխատում»:
Իսկ թե մենք պետք է կանչենք մեր ռազմավարական գործընկերոջը, արդյոք նա չգիտի իր պարտավորությունները՝ հակադարձեց. «Ի՞նչ է, կարծում եք ՌԴ նախագահն առանց Սիրիայի նախագահի քայլեր է արել այնտեղ: Սիրիայի նախագահը դիմել է, այդպես է կարգը, պաշտոնապես պետք է դիմել ՌԴ նախագահին , բայց լռում ենք, ավելին, ասում են, թե սա պատերազմ չենք համարում: Կներեք, եթե դու չես գնահատում, որ սա պատերազմ է, էլ ո՞վ պետք է նման գնահատական տա: Մի ասացվածք կա, մինչև գառը չի մայում, մայրը չի արձագանքում»:
Ի դեպ, ըստ նրա, ողջ անելիքն ընկած է Պաշտպանության նախարարության և բանակի վրա, որը ստիպված է քայլերի դիմել, երբ հրադադարի խախտում է լինում: «Նրանք չեն կարող գլխավոր հրամանատարի հրամանից առաջ նախահարձակ քայլեր ձեռնարկել, դրա համար ՊՆ-ին մեղադրել, ես կասեի, դավաճանական պահվածք կլիներ»,-ասաց նա: