Հասարակությունն իր պասիվությամբ ասում է, որ «իրեն դուր չի գալիս այս ներկայացումը». Ռուբեն Բաբայան


21:46 , 14 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ երկրում տեղի ունեցող հետընտրական զարգացումներին՝ ընդգծելով, թե հասարակությունն իր որոշակի պասիվությամբ իրականում ասում է, որ «իրեն դուր չի գալիս այս ներկայացումը»: Մտավորականի խոսքով՝ սցենարը մշտապես կրկնվում է: «Այնպիսի տպավորություն է, որ ոչ իշխանությունն է ուզում փոխել այդ սցենարը, ոչ էլ ընդդիմությունը»,– ասում է նա:
 
-Պարո՛ն Բաբայան, որպես մտավորական ինչպե՞ս կգնահատեք երկրում հետընտրական իրավիճակը:
 
- Ցավոք սրտի այն սցենարը, որ ամեն ինչ տեղի է ունենում մեր երկում, ամեն անգամ կրկնվում է և այնպիսի տպավորություն է, որ ո՛չ իշխանությունն է ուզում փոխել այդ սցենարը, ո՛չ էլ ընդդիմությունը: Եթե ես դեռ կարող եմ հասկանալ, թե իշխանությունն ինչու չի ուզում փոխել, որովհետև նա այդ սցենարով միշտ հաղթող է դուրս գալիս, ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե ընդդիմությունն ինչու չի ուզում փոխել այդ սցենարը, որով նա միշտ պարտվող է դուրս գալիս: Եվ երկրորդը՝ ես կարծում եմ, որ մեր մոտ, եթե խոսենք քվեարկության, ընտրությունների մասին՝ կեղծարարությունն այլևս չի հետապնդում նպատակ՝ ապահովել մեծամասնություն, կեղծարարությունն այլ խնդիր է, կարծում եմ, ապահովում աչքի մտնել, ցույց տալ, կեղծարարությունը դարձել է կարիերայի ինչ-որ նշան՝ անկախ նրանից պետք է, թե պետք չէ: Մեկ-մեկ որ ասում են արջի ծառայություն՝ դա էլ ճիշտ չէ, խոսքը նրա մասին է, որ մեծ քանակությամբ մարդիկ հասկանում են, որ իրենց կարիերայի  հարցը հաճախակի կապված է նրա հետ, թե ինչ քանակությամբ ձայներ նրանք կարող են ապահովել: Եվ այստեղ, ինչպես ասում են ոչ միայն իշխանությունն իշխանություն չի, ընդդիմությունն ընդդիմություն չի, այլ ընտրությունն էլ ընտրություն չի: Հնարավոր չէ ինչ-որ երևույթ վերլուծել, երբ որ այդ երևույթը բացարձակապես այդ երևույթին ոչ բնորոշ կանոններով է զարգանում: Այստեղ շատ դժվար է, հնարավոր չէ ասենք թե կահույքը բնութագրել սպասքի չափանիշերով, իսկ այդ նույն բանն այստեղ է կատարվում:
 
-Իսկ հասարակության դիրքորոշումն ըստ Ձեզ ադեկվա՞տ է այս ամբողջ զարգացումներին:
 
-Կարծում եմ այս վիճակից պետք է դուրս գալ և հասարակությունն իր որոշակի պասիվությամբ իրականում ասում է, որ իրեն դուր չի գալիս այս ներկայացումը: Թատրոնում էլ է այդպես լինում, հանդիսատեսը թողնում է և դուրս է գալիս ներկայացման կեսից, ու եթե մի փոքր քանակի մարդիկ բղավում են, թե ներկայացումը վատն է, իսկ մի ուրիշ փոքր քանակ էլ բղավում է, որ լավն է՝ դրանից մեծ հաշվով հարցը չի փակվում, մեծամասնությունն  իր վերաբերմունքը արտահատում է՝ գնալով ներկայացման կեսից: Երևի թե պետք է մտածել, թե ինչպես փոխել, ինչ նոր կանոններով գնալ, պետք է մարդկանց գրավել, իսկ գրավել կարելի է գրավել լուսավոր գաղափարներով, երբ կոնկրետ ճանապարհային քարտեզ ես ցույց տալիս, գուցե դրանք փոքր քայլեր լինեն, բայց որոնք տանում են ինչ-որ նպատակի, որովհետև ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ բոլորն ուզում են փոխել միայն առաջին դեմքին, իսկ հետո հույսները դնում են առնետավազքի վրա, որ եթե փոխենք առաջին դեմքը, մնացածը իրենց հետ կփոխվեն, մի օրվա ընթացքում  կփոխեն կուսակցությունը, կողմնորոշումը:
 
-Իսկ ո՞վ պետք է առաջարկի այդ փոփոխությունը և հետո, նույն փոփոխությունը չե՞ք կարծում, որ պետք է սկսել ավելի ցածր օղակներից:
 
-Այո՛, միանշանակ ամենամեծ խնդիրը տեսնում եմ հասարակության մեջ, ասեմ ինչու: Ես համոզված եմ, որ մտավորականությունը գործ չունի իշխանության հետ, մտավորականությունը գործ ունի հասարակության հետ, որն էլ պետք է թելադրի իր պահանջներն իշխանությանը: Բայց որպեսզի այդ պահանջները լինեն ժամանակակից, հետաքրքիր ու խորը, այդ հասարակության մեջ պետք է աշխատել, այլ ոչ թե հասարակությանն օգտագործել որպես մարդաքանակ: Արհամարհանք կա հասարակության հանդեպ, գուցե ինչ-որ տեղ արդարացված, բայց շատ հաճախ ոչ արդարացված: Բացարձակապես չենք զբաղվում հասարակության հետ և չենք փորձում երկխոսության մեջ մտնել, հասկանալ ինչ է պետք, մենք փորձում ենք դեմագոգիկ՝ ընդորում վերաբերում է երկու կողմին էլ հասարակությանը տանել մեր հետևից: Այդպես ոչ մի բանի չենք հասնի: Մտավորականությունը պետք է աշխատի միայն ու միայն հասարակության հետ ու այդ քանակը դառնա որակ: Մտավորականությունը պետք է առաջարկի առաջընթացը, ցույց  տա ապագան, ապագան չի կարող լինել միայն մերժողականության մեջ, ապագան անպայման պետք է լինի հաստատակամության մեջ, որ մենք ուզում ենք ինչ-որ բանի ենք ուզում հասնել, կարևոր բանի ենք ուզում հասնել: Հենց այս մերժողական իրականությունը վերացվի, ամեն ինչ տեղը կընկնի, փոփոխություն չի լինի, եթե մենք չգիտենք կոնկրետ ինչ ենք ուզում անել: Ընդդիմությունը չի ուզում փոխել որևէ բան ուզում է, որ դերակատարները փոխեն, իսկ ես չեմ ուզում, որ ինձ օգտագործեն դրա համար: Որևէ զարգացում ապահովել նման քաղաքակրթական ընտրությունով՝ հնարավոր չէ, այստեղ բացարձակապես պարզ հաշվարկ է՝ առանց դեմագոգիայի, առանց պիտակավորելու, պրոռուսական կամ հակառուսական, պրոամերիկյան կամ հակաամերիկյան մոդելների, այնպես անել, աշխատող մոդել ենք ընտրում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ձեռք բերում: 
 
-Իսկ մտավորական ասվածը ունե՞նք, որն ունա՞կ է ինչ-որ գաղափար մտցնել:
 
-Իհարկե, պետք է տարբերել, որ մենք քաղաքական ուժեր չենք, այլ մտավորականներ: Մենք ունեցել ենք այնպիսի մտավորականներ, որ կարողացել է դառը ճշմարտություն ասել ժողովրդին, դրա համար միշտ հեղինակություն է ունեցել, հիշեք Կոմիտասին, Թումանյանին, որոնք երբեք չեն փորձել ժողովրդին քծնել: Եթե հասնենք նրան, որ հասարակությունը բարձր պահանջներ դնի, լինի ընդդիմության առջև թե իշխանության, մենք իսկապես կկարողանանք փոխել իրավիճակը: