16:00 , 14 դեկտեմբեր, 2015

Օրերս
BlogNews-ի խմբագրություն դիմեց 17-ամյա գեղասահորդուհի Անժելա Մկրտչյանի մայրը՝ Լիլիա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը խոչընդոտում է երեխաներին։
«Իմ աղջիկը մասնակցել է միջազգային մրցույթներին։ Գեղասահքի ֆեդերացիայի նախկին նախագահը՝ Սամվել Խաչատրյանը և հավաքականի մարզիչ Սամվել Հայրապետյանն արժանի էին համարում Անժելա Մկրտչյանին ներկայացնել միջազգային մրցույթներին, որովհետև նա Հայաստանի միակ և լավագույն աղջիկ մարզիկն է: Անժելան մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի և բավականին լավ արդյունքներ է գրանցել. պատանիների միջազգային մրցույթում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Սամվել Խաչատրյանի մահվանից հետո Մելանյա Ստեփանյանն ինքն իրեն ֆեդերացիայի նախագահ նշանակեց, նա ամեն կերպ խանգարում էր մեր պարապմունքներին։ Մենք ուզած-չուզած գնացինք Մոսկվա, քանի որ նա թույլ չէր տալիս, որ աղջիկս պարապի։ Նա մարզչին՝ Ալինա Բադալյանին, ստիպում էր, որ Անժելան չմտնի սահադաշտ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրան կհեռացնի աշխատանքից, նա էլ լացելով ասում էր՝ ի՞նչ անեմ, չի թողնում։ Ցածր մակարդակի սահորդներին թույլ էր տալիս ազատ ժամերին մարզվել, իսկ աղջկաս դեպքում այնպես էր անում, որ պարապի սիրողականների հետ, բայց պրոֆեսիոնալ մարզիկն ինչպե՞ս կարող է պարապել սիրողականների հետ։ Նրա աղջիկն էլ է պարապում, ինքը գտնում է, որ Անժելան նրա համար մրցակից է, բայց նրանք չեն կարող մրցակիցներ լինել, որովհետև նրա աղջիկը շատ ցածր մակարդակի գեղասահորդ է»,- ասաց Լիլիա Մկրտչյանն ու հավելեց, որ դստերն ուղարկել են Ռուսաստանում մարզվելու Հայաստանի հավաքականի նախկին մարզչի՝ Սամվել Հայրապետյանի հետ։

«Մեր երեխաներին անտեսել է, նոր թիմ է հավաքել ռուսներով։ Ճիշտ է՝ Գալստյան ազգանունն ունի, բայց նա ռուս է։
Մի քանի տարի շարունակ Հայաստանի հավաքականը (Անժելա Մկրտչյանը, Սարգիս և Սլավիկ Հայրապետյանները) մարզվել է Մոսկվայի «Մարինո» սահադաշտում։ Սամվել Հայրապետյանի միջամտությամբ նույն սահադաշտում սկսեց մարզվել նաև Անաստասիան։ Ինչ-ինչ պատճառներով տեղի տնօրինությունն այլևս թույլ չտվեց օտարերկրացի մարզիկներին մարզվել այնտեղ։ Քանի որ Նաստյան ունի Գալստյան ազգանունը, նրան էլ թույլ չտվեցին, ինչին նրա մայրը պատասխանեց՝ մենք հայ չենք, ուղղակի ազգանունն է պետք, որ երեխան մասնակցի միջազգային մրցույթներին։ Ստացվեց այնպես, որ մեր մարզիչը լավություն արեց էդ երեխային, ով սահելու տեղ չուներ, քանի որ նրան և մորը հանել էին Մոսկվայի այլ սահադաշտից, և մեր հավաքականը մնաց դուրսը, իսկ պատճառը դարձավ Գալստյանը,- ասաց տկն Լիլիան ու հավելեց,- Ռուսաստանի վատագույն երեխային բերել, էստեղ են ներկայացրել։ Դա չեղավ, որ մերն է, դա եղավ, որ դրսից մարզիկ ես բերում։ Աշխարհի մրցումների ժամանակ ռուսները, իմանալով, որ այդ երեխան իրենց վերջին կատեգորիայի մարզիկն է, նույնիսկ չեն ցանկանում մեկնաբանել, իսկ երբ մեր երեխաներն են ելույթ ունենում, զարմանում են, որ սառույց չլինելու պայմաններում նման երեխաներ կան։ Մելանյա Ստեփանյանին ձեռք է տալիս, որ Ռուսաստանի երեխաները մասնակցեն։ Ռուսաստանում իրենց պես հարյուրավոր մարզիկներ կան, և նրանք համաձայն են գումարներ ծախսել, միայն թե իրենց երեխաները մասնակցեն, իսկ նախագահին ձեռք է տալիս ցույց տալ, որ ծախս են արել, սակայն ծախսն իրականում անեն ծնողները։ Մենք անգամ դրսում մարզիկներ ունենք՝ Սամվել Հայրապետյանի որդիները՝ Սլավիկ և Սարգիս Հայրապետյանները։ Սլավիկը մի քանի մրցումների է մասնակցել, բայց ֆեդերացիան չի ֆինանսավորվել։ Տարվա ընթացքում կարող է մեկ-երկու մրցույթի միայն օդանավի տոմսի գումարը փոխհատուցվի»։ Նա նշեց, որ ինչ Մելանյա Ստեփանյանը ֆեդերացիայի նախագահ է նշանակվել, Հայաստանում ոչ մի անգամ առաջնություն չի անցկացվել, որ հասկանալի լինի՝ իրականում ո՞վ է ավելի լավը։
«Վերահսկողություն պետք է լինի Օլիմպիականի կողմից, սակայն ասում են՝ մենք ինչ անենք, Ծառուկյանն է նշանակել նրան, ժողով արեք, բոլորով հեռացրեք»,- նշեց Լիլիա Մկրտչյանը։
BlogNews-ն այս ամենի մասին փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանից։ «Մենք այսքան տարի սահադաշտ չունեինք և չունեինք այդ պատրաստվածության երեխաներ, որ մասնակցեին մրցույթի։ Նրանք Ռուսաստանից երեխաներ չեն, մեր հայրենակիցներ են։ Ես իրավունք չունեմ երեխաներին մրցույթների ուղարկել ֆեդերացիայի հաշվին, որովհետև այդ գումարները տրամադրված են հավաքական թիմի համար։ Մինչև 14-15 տարեկան երեխաներին պետք է ֆինանսավորի դպրոցը, որքանով որ կկարողանա։ Այստեղի ոչ մի երեխա չի անտեսվում։ Որ երեխան, որ ծնողը ցանկություն է հայտնել, գնացել է միջազգային «տուրնե»-ների։ Այդ ամենը կա նկարներով, վիդեոներով։ Ցանկություն ունեցող երեխաներին ֆեդերացիայի հաշվին ուղարկելու իրավունք չունենք, քանի որ ես էլ վերադաս ունեմ, որին հաշվետվություն եմ ներկայացնում, ես պետք է ցույց տամ, որ երեխան ունի վարկանիշ, մասնակցելու իրավունք, որ կարողանամ այդ գումարները ծախսել իրենց վրա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է 14-15 տարեկանից մեծ երեխաներին՝ նա ասաց. «Մենք չունենք էլ 15 տարեկանից մեծ երեխա։ 15 տարեկան իմ աղջիկն է, սակայն նա էլ թույլ երեխա է, ինչպե՞ս կարող է ուժեղ լինել, եթե տարվա ընթացքում 2 ամիս են պարապում»։ Ինչ վերաբերում է Անժելա Մկրտչյանին՝ տկն Ստեփանյանը նշեց, որ տեղեկացված չէ՝ ուր է այդ երեխան, պարապում է, թե՝ չէ։
Անդրադառնալով Սլավիկ Հայրապետյանին՝ ֆեդերացիայի նախագահը նշեց, որ նրան օժանդակում են։ «Երբ նա գնում է միջազգային մրցույթների, իհարկե, օժանդակում ենք, ունենք-չունենք՝ մի տղա երեխա ունենք, ինչպես չօժանդակենք։ Մենք ամեն ինչ անում ենք՝ ինչպես հասնում է՝ սկսած ինքնաթիռի տոմսից, ավտոբուսից, սնունդից, հյուրանոցից»,- պնդեց նա։
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ այս տարի Հայաստանի առաջնություն է լինելու։ «Մենք այսքան տարի սառույց չենք ունեցել։ 2 տարի Հայաստանի առաջնություն չի եղել։ Այս տարի պատրաստվում ենք անցկացնել Հայաստանի առաջնություն, բոլորը կհրավիրվեն, կմասնակցեն, ովքեր կգրավեն 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը, կընդգրկվեն հավաքական թիմ, և նրանց կֆինանսավորենք, մյուսներին ֆինանսավորելու իրավունք չունենք»,- ասաց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի