14:45 , 14 դեկտեմբեր, 2015
Կա՛մ 30 րոպե ընդմիջում, կա՛մ պետք է կանչվեր անվտանգություն, որը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Շուրիկի նման գրկած` պետք է հեռացներ ամբիոնից: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով այն, որ Զարուհի Փոստանջյանի` թեմային չվերաբերող ելույթը դադարեցնելու համար վերցրեց 30 րոպե ընդմիջում:
Հիշեցնենք, որ Վիճակագրական ազգային ծառայության 2016-18թթ. տարեկան ծրագրի քննարկումը ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը քաղաքացիական անհնազանդության կոչեր արեց, այդ թվում նաև հարկերը չմուծելու մասին, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը կոչ արեց իր «կապրիզները» իր շրջապատում անել , ապա անգամ նկատեց` մի ջենտլմեն չկա՞ դուրս հրավիրի պատգամավորին: Այնուհետև ԱԺ փոխնախագահն անջատեց Փոստանջյանի խոսափողը, սակայն վերջինս շարունակում էր համառորեն մնալ ամբիոնի մոտ: Քիչ անց ԱԺ փոխնախագահը հայտարարեց 30 րոպեանոց ընդմիջում:
Նախքան այդ դահլիճ շտապող ԱԺ փոխնախագահը լրագրողներին տեղեկացրեց, որ Զարուհի Փոստանջյանին տալու է 2 րոպե 40 վայրկյան և նշեց, գործել է բացառապես ԱԺ կանոնակարգ–օրենքի շրջանակներում:
Արդեն միջանցքում` ՀՀԿ խոսնակը նկատեց, որ ստիպված էր 30 րոպեանոց ընդմիջում վերցնել, քանի որ ԱԺ-ում պետք է ապահովվի բնականոն աշխատանք: «Իսկ Դուք տեսա՞ք, որ պատգամավորը … չեմ կարող ասել` ի վիճակի չէ … կա՛մ չի ցանկանում, կա՛մ ուզում է խափանել մեր աշխատանքը, ես իրան հիմա հնարավորություն կտամ ուղղվելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Վերադառնալով դահլիճ` Զարուհի Փոստանջյանը շարունակեց իր ելույթը, և չնայած ԱԺ փոխնախագահը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Զարուհի Փոստանջյանին թույլ է տալու 2 րոպե 40 վայրկյան ելույթ ունենալ, նրան թույլատրեց 3 րոպեանոց ելույթ, ապա հայտարարեց, որ ժամանակը սպառված է:
«Եթե մենք հարկերը չվճարենք, բանակ ո՞նց ենք պահելու, տատիկ-պապիկների կենսաթոշակը ո՞նց ենք տալու, ի՞ր աշխատավարձը ոնց ենք տալու»,– Զ.Փոստանջյանն ելույթից հետո -նկատեց Էդուարդ Շարմազանովը: