Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է տարբեր հեռուստասերիալներից եւ նախագծերից հայտնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: Եթերային դադարի, թատրոնային գործունեության եւ անձնական կյանքի մասին դերասանուհին անկեղծացել է:
-Ագնեսա, ինչո՞ւ է երկարում Ձեր հեռուստատեսային դադարը, ինչո՞վ է դա պայմանավորված:
- Շատ անկեղծ կպատասխանեմ՝ ինքս էլ այդ հարցի պատասխանը չգիտեմ, մի հրավեր եղել է այս ընթացքում, որը մերժել եմ, ինչից հետո, որպես այդպիսին, այլեւս հրավերներ չեմ ստացել: Այսինքն առաջարկների բացակայությամբ է պայմանավորված այս ընթացքի լռությունս:
-Այսինքն՝ այս դադարը կոնֆլիկտային հիմք չունի՞:
- Ոչ, նման ոչ մի դեպք չի եղել: Առողջ կոնֆլիկտ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր աշխատանքային միջավայրում, բայց որպես այդպիսին, մեծ կոնֆլիկտ, որը կարող էր պատճառ դառնալ իմ լռության համար, չի եղել: Հակված եմ նրան, որ իմ տեսակի կարիքը այլեւս չկա:
-Թատրոնում ինչպես միշտ ակտիվ գործում եք: Կպատմեք՝ ինչպե՞ս են այնտեղ ընթանում աշխատանքները:
- Հիմա խաղում եմ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զբաղված եմ երեք ներկայացման մեջ: Քանի որ այս թատրոն նոր եմ եկել, դեռեւս ինտեգրման փուլում եմ, հուսամ ապագայում էլ ավելի կհաստատվեմ եւ դերերս էլ կշատանան: Բացի այդ, ունեմ երկու մոնոներկայացում, որոնցով մասնակցում եմ բազմաթիվ միջազգային փառատոնների: Այս երկու մոնոներկայացումներս հասցրել եմ ներկայացնել տարբեր երկրներում, արժանանալ բավականին լավ վերաբերմունքի, արդեն նոր առաջարկներ էլ ունեմ՝ նախատեսում եմ հաջորդ տարի մեկնել Գերմանիա եւ այնտեղ կայանալիք ֆեստիվալին ներկայանալ: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել դրսում ներկայացնել Հայաստանը եւ արժանանալ մի շարք մրցանակների: Ընդ որում ասեմ, որ պատահել է, երբ ներկայացել եմ անգամ հայերենով, ինչի համար էլ ավելի ուրախ եմ, թեպետ կան փառատոններ, որոնք կոնկրետ պահանջում են ռուսերեն լեզվով խոսել: Այս շարքում ինձ համար առավել կարեւոր էր «Встречи в России» փառատոնը, որը մոնոներկայացումների փառատոն չէր, բայց ինձ հատուկ հրավիրել էին, որտեղ էլ արժանացա լավագույն դերակատարի եւ լավագույն ներկայացման տիտղոսին:
-Իսկ Հայաստանի հանդիսատեսը, ե՞րբ կրկին կտեսնի Ձեր մոնոներկայացումները:
- Քանի որ հիմա թատրոնների դահլիճները ավելի շատ զբաղված են ամանորյա մանկական ներկայացումներով, ուստի ես կրկին կներկայանամ իմ հանդիսատեսին արդեն հաջորդ տարի:
- Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
