12:00 , 14 դեկտեմբեր, 2015
«Ժողովրդական երգ. նոր սկիզբ». Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երեկ Սևակ Ամրոյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գևորգյանը, Եվա Թաշչյանը, Վահե Մարգարյանը, Պետրոս Պետրոսյանը, Սուրեն Ավոյանը, Ժաննա Դավթյանը, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը ժողովրդական երգերը ներկայացրեցին ժամանակակից գործիքավորմամբ։ Թեև կարծիք կա, որ հասարակությունը հետաքրքրված չէ ժողովրդական երգերով, երեկվա համերգը ճիշտ հակառակն ապացուցեց. բոլոր տոմսերը սպառվել էին, մի բան էլ ավելին՝ նույնիսկ աստիճանների վրա նստելու տեղ չկար:) BlogNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում համերգի հետաքրքիր պահերը։

Երգերի նոր գործիքավորումներն արել են Գիսանե Պալյանն ու Միքայել Մալյանը՝ Գիսանեն ռոքային, Միքայելը՝ դասական երանգով։ Երգերը սիրո մասին էին, յուրաքանչյուր երգիչ ներկայացրեց 2-ական անհատական կատարում և 1 զուգերգ։ Նրանց ելույթներն ուղեկցվում էին նախապես նկարահանված սիրո փոքրիկ պատմություններով։ Ձևավորվել էին հետևյալ զույգերը՝ Սևակ Ամրոյան-Սոնա Ռուբենյան, Սուրեն Ավոյան-Ժաննա Դավթյան, Պետրոս Պետրոսյան-Եվա Թաշչյան, Նարե Գևորգյան-Վահե Մարգարյան, Եվա Եգանյան-Գրիգոր Միրզոյան։
«Առաջին անգամ «Շանթի» շրջանակներում եմ սկսել երգել ժողովրդական երգ ու սիրով համաձայնեցի մասնակցել այս նախագծին։ Ինձ շատ են դուր եկել նոր մշակումները՝ նոր շունչ կա։ Կարծում եմ՝ կգրավեն երիտասարդներին»,- ասաց Սոնա Ռուբենյանն ու հավելեց, որ ԱՄՆ-ում լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգն էլ դրա ապացույցն է։ Ի դեպ, հետնաբեմում Սոնային ուղեկցում էր սիրելին՝ Վահագնը։
Երգչուհի Նարե Գևորգյանը չափազանց հուզված էր համերգից առաջ. «Պատասխանատվությունը շատ մեծ է։ Ժողովրդական երգ կատարելն արդեն իսկ պարտավորեցնող է։ Եթե «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցները հիմա ավելի քիչ են հուզվում, նրանից է, որ իրենք իրենց ֆորմայի մեջ են։ Մեզ համար նոր և պատասխանատու համերգ է։ Կարծում եմ՝ այս համերգից հետո երիտասարդները շատ կսիրեն ժողովրդական երգերի այս տարբերակները։ Մեղեդային գծին չենք դիպել, ընդամենը նոր գործիքավորումներ են արվել, որոնք նոր շունչ են հաղորդել երգերին»։
«Ժողովրդական երգիչ» նախագծից Եվա Եգանյանն իր ամպլուայում էր, սակայն նա էլ էր լարված համերգից առաջ. «Կարծում եմ՝ ցանկացած համերգից առաջ մի քիչ լարվածությունը լավ է, քանի որ դա պատասխանատվություն է։ Ինձ շատ են դուր եկել ժամանակակից գործիքավորումները։ Հնից շատ չենք շեղվել, պարզապես ավելացել են էստրադային գործիքներ։ Ամեն ինչ շատ ճաշակով է արված, որպեսզի դուր գա բոլոր տարիքային խմբերին»,- ասաց Եվան։
Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը նշեց, որ ինքը ժողովրդական երգերը նորովի ներկայացնելու փորձ ունեցել է և կարող է ասել, որ դա սիրվում է։ «Ընկերոջս հետ նույնիսկ բլյուզային ոճով ենք ներկայացրել ժողովրդական երգը։ Այս տարբերակներն էլ շատ հետաքրքիր են՝ ականջի համար հաճելի։ Համերգն ԱՄՆ-ում հիանալի արձագանք ստացավ, հուսով ենք՝ էստեղ էլ այդպես կլինի, քանի որ ամիսների տքնաջան աշխատանք է տարվել»,- ասաց նա։ Անդրադառնալով Սոնայի հետ զուգերգին՝ Սևակն ասաց, որ համագործակցությունը շատ հեշտ է ստացվել, քանի որ Սոնան շատ լավ է երգում ժողովրդական աշուղական երգեր։
Վահե Մարգարյանը խոստովանեց, որ առհասարակ բոլոր երգերի հին գործիքավորումներն է սիրում, սակայն կարծում է, որ շատ երիտասարդների համար հետաքրքիր կլինեն այս տարբերակները։ «Ինձ համար այս նախագիծը կարծես արվեստի դասընթաց լիներ, որի ընթացքում շատ բան եմ սովորել։ Միշտ ցանկացել եմ երգել այս ժանրում։ Մի քիչ դժվար է, բայց այնքան հաճելի, որ սիրով հաղթահարում ես դժվարությունը»,- նշեց երիտասարդ երգիչը։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի