Ձյուդո. Հայտնի են Հայաստանի չեմպիոնները


07:55 , 14 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Երևանի խուլ համրերի միության մարզադահլիճում ավարտվեց ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնները դարձան՝ Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Հակոբ Առաքելյանը (100+ կգ):

Կանանց առաջնության հաղթողներ դարձան՝ Շուշան Առաքելյանը (48 կգ), Սոսե Բալասյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (52+ կգ):

Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Աղջիկների պայքարում 7 քաշային կարգերը խտացրել՝ 3 քաշային կարգ են սարքել: Աղջիկների մակարդակն անբավարար է: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների քանակի աճ կա, բայց նրանք միջազգային ասպարեզներում մրցունակ չեն: Տղամարդկանց պայքարում նորություն էր 66 կգ քաշային  Ֆերդինանտ Կարապետյանը, ով առաջին անգամն էր մասնակցում Հայաստաննի առաջնությանը և դարձավ չեմպիոն: Հույսներս կապում ենք ցածր քաշային կարգի մասնակիցների հետ»,-նշել է ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Ձյուդոյի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 17 մարզական կառույցների 91 մարզիկներ:

Հաղթողներին պարգևատրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը: