06:51 , 14 դեկտեմբեր, 2015
Սիրիական բանակի և ժողովրդական աշխարհազորի մարտիկներն ահաբեկչական խմբավորումներից ազատագրել են Հալեպից դեպի հարավ ընկած 5 գյուղեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ՍԱՆԱ լրատվական գործակալությանը հայտնել է Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը: Վերջինիս տվյալներով, իրականացված գործողության արդյունքում զինված ուժերը կարողացել են նոր դիրքեր գրավել հյուսիս-հարավ մայրուղու երկայնքով:
«Ահաբեկիչները կորուստներ են կրել և նահանջել Էզ-Զիրբեի իրենց հավաքատեղին: Գրավված գյուղերում աշխատում են սակրավորները, նրանք ականազերծում են ճանապարհներն ու տները, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ»,- հայտնել է Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը:
Սիրիական օդային ուժերը հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման` Հալեպից հյուսիս տեղակայված դիրքերին: Իրականացված գործողություններից մեկի արդյունքում սպանվել է նրա ղեկավարներից մեկը` Ահմեդ Հեյրալլան: Հալեպից դեպի արևելք կառավարական ուժերը դիմագրավել են նաև ԻՊ-ի գրոհներին, որոնք փորձում էին իրենց տիրապետության տակ վերադարձնել մեկ շաբաթ առաջ կորցրած դիրքերը: