Թուրք ձկնորսները հայտարարել են, որ չեն մոտեցել ռուսական նավին և նախազգուշական կրակոցներ չեն լսել


05:13 , 14 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.

Էգեյան ծովում ռուսական ռազմական նավի հետ միջադեպում ներգրավված թուրքական ձկնորսական նավի ձկնորսները հայտարարել են, որ չեն մոտեցել պարեկային նավին վտանգավոր հեռավորությամբ և չեն լսել նախազգուշացնող կրակոցները: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է թուրքական նավի սեփականատեր Մուզաֆեր Գեչիջին:

«Ձկնորսները ռուսական նավին մոտ չեն եկել ավելի շատ, քան 1 մղոն (1.8 կմ), իսկ ինքը նավն անշարժ էր կանգնած: Ոչ մեկ մեզ վրա չի կրակել, իսկ եթե կրակել է, ապա ձկնորսները դա չեն լսել», - վերջինիս խոսքը մեջբերում է СNN Turk հեռուստաալիքը:

Նա հավելել է, որ վերահսկողության տեսախցիկների տեսանյութերն ու այլ տվյալներ փոխանցվել են Թուրքիայի առափնյա ծառայությանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ ՊՆ-ն, ռուսական «Սմետլիվի» պարեկային նավը թուրք ձկնորսների նավը հայտնաբերել է իրենից մետ 1 կմ հեռավորությամբ: Մի շարք նախազգուշացումներից հետո ձկնորսական նավը շարունակել է մոտենալ, և 600 մետր հեռավորության վրա ռուսական նավի անձնակազմը նախազգուշացնող կրակ է բացել` նավերի բախումից խուսափելու համար: