14:51 , 13 դեկտեմբեր, 2015
Armlur.am-ը գրում է.
ՀՀ իշխանությունները բյուջեն փրկելու նպատակով շարունակում են ծախսել Հայաստանի միջազգային պահուստները: Այս փաստն ի հայտ է գալիս, երբ ուսումնասիրում ենք Հայաստանի միջազգային պահուստների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալները:
Հայաստանի միջազգային պահուստներն անընդհատ ծախսելու վերջին տարիների պատմությունը սկսվել է անցած տարվա հունվարից: Այսպես, 2014-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմում էին 2 միլիարդ 251 միլիոն 600 հազար դոլար: 2015 թվականի հունվարին դրանք նվազեցին մինչեւ 2 միլիարդ 113 մլն 500 հազար դոլար, մեկ ամիս անց այդ գումարը դարձավ 2 մլրդ 13 մլն 500 հազար դոլար: Ամեն ամիս նվազելով՝ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստների թիվը կազմեց 1 մլրդ 260 մլն 900 հազար դոլար: Այսինքն՝ մեկ տարի, երկու ամսում ՀՀ կառավարությունը հասցրել էր պետության միջազգային պահուստներից ծախսել շուրջ մեկ միլիարդ դոլար:
Այս տարվա մարտից միջազգային պահուստները կրկին սկսեցին աճել: ՀՀ կառավարությունը Հայաստանի միջազգային պահուստների համալրումն հիմնականում իրականացնում էր տարբեր վարկային միջոցների հաշվին: Իհարկե, պաշտոնապես այդ մասին չէր հայտարարվում, բայց ոչ պաշտոնական խողովակներով հայտնի էր դարձել, որ, օրինակ, անցած տարվա մարտին, երբ Հայաստանը 500 մլն դոլարի միջազգային պարտատոմսեր էր թողարկել` եվրաբոնդեր, ստացված գումարից 200 մլն դոլարն ուղղվել էր ՀՀ միջազգային պահուստների համալրմանը: Հաջորդած ամիսներին եւս ՀՀ միջազգային պահուստներ շարունակեցին համալրվել: Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 702 մլն 500 հազար դոլար:
Սակայն օգոստոսից սկսած, երբ արդեն պարզ դարձավ, որ հարկեր եւ տուրքերի մասով պետբյուջեի մուտքերը ընթացիկ տարում թերակատարվելու են, ՀՀ միջազգային պահուստները կրկին սկսեցին նվազել: Դեկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԲ-ի, Հայաստանի միջազգային պահուստները կազմում են 1 մլրդ 549 մլն 700 հազար դոլար: Այսինքն՝ չորս ամսում` օգոստոսից-նոյեմբեր ժամանակահատվածում, ՀՀ կառավարությունը միջազգային պահուստներից ծախսել է 152 մլն 800 հազար դոլար: Ստորեւ բերված աղուսյակում ներկայացված է Հայաստանի միջազգային պահուստների չափը՝ սկսած 2013 թվականի դեկտեմբերից:
Շարունակությունն՝ այստեղ