Մինսկի խումբը պետք է Արցախը ճանաչելու նախանշաններ ցույց տա, ինչը կսանձի Ադրբեջանի վարքագիծը. Կիրո Մանոյան


11:47 , 13 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.

Չի բացառվում, որ Թուրքիան Ռուսաստանին դաս տալու համար Ադրբեջանին հրամայեր՝ մի քիչ ավել շիկացնել հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, ինչի հետևանքով էլ Ադրբեջանն օրերս հրադադարի ռեժիմը կնքելուց հետո առաջին անգամ տանկից կրակեց: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:


Վերջինս շեշտեց, որ Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը կապված են ավելի շատ երկու պետությունների նախագահների հանդիպման հետ:
«Ադրբեջանը միշտ բարձրաստիճան հանդիպումներից առաջ այս կերպ փորձում է փոխել մթնոլորտը: Իսկ մթնոլորտը վտանգավոր է, որովհետև հետևանքներն անկանխատեսելի են: Չնայած ես համոզված եմ, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև առանց դրա էլ իրենք տնտեսապես տուժել են՝ նավթի գնի անկման և այլնի հետ կապված, բայց դա չի նշանակում, որ իրենց քայլերը վտանգավոր չեն, դրանք կարող են վերածվել պատերազմի»,- նկատեց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ ներկայացուցիչն ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ–ի ուղղությամբ ամեն անգամ ավելի հզոր զինտեխնիկա է կիրառում, որպեսզի ստուգի հայկական կողմի  պատրաստվածությունը, զգոնությունը, կիրառվող հակաքայլերը: «Եթե պատերազմ ուզեին, արդեն կսկսեին: Նրանք վստահ չեն՝ որն է լինելու պատերազմի ելքը»,- ասաց Մանոյանը:

Անդրադառնալով կարծիքներին, որ ադրբեջանական սադրանքների համար զսպաշապիկ կարող է հանդիսանալ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական դիրքորոշումը, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ՄԽ-ն չի կիրառում իր ուժը՝ Ադրբեջանին զսպելու համար: «Եթե բացատրեմ՝ ինչո՞ւ հասցեական չեն խոսում, արդարացրած կլինեմ Մինսկի խմբին, դրա համար չեմ ուզում բացատրել»,- պատասխանեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը: 

Միաժամանակ, Կիրո Մանոյանը համաձայնեց, որ Մինսկի խումբն իր բառապաշարում պետք է ավելի հստակ լինի: «Մինսկի խումը բացի հասցեական հայտարարություններից այլ քայլեր ևս պետք է նախաձեռնի: Օրինակ, նրանք կարող են Ղարաբաղի ժողովրդին, իշխանություններին Արցախը ճանաչելու մասին նախանշաններ ցուց տալ, որ Ադրբեջանը հասկանա՝ նա չի կարող երկար խաղալ, որ կա գիծ, որից այն կողմ չի կարող անցնել: Այս քայլն ամենաշատը կսանձի Ադրբեջանին: Իրենք մեղավորներին պետք է հրապարակավ դիտողություններ անեն»,– ասաց նա: